Չեմ բացառում, որ պարտվող հայկական դիվանագիտությունը կարող է նաև դիվանագիտական կապիտուլյացիայի առաջ կանգնել. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայում 2023թ. սպասվող ընտրություններին ընդառաջ և աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս փուլում Թուրքիան ավելի ակտիվ դիվանագիտական աշխատանք է սկսել մի շարք ուղղություններով, որոնցից մեկն ուկրաինական իրադարձությունների թատերաբեմն է, մյուսը՝ Հարավային Կովկասը:

Թուրքիական դիվանագիտությունը սկսում է իր տարածաշրջանային ցանկություններն ու ծրագրերն ավելի բաց տեքստով շարադրել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, Երևան-Բաքու բրյուսելյան հանդիպմանը և այլ հարցերի:
Չավուշօղլուն նախ բացահայտել է հայ-թուրքական հատուկ բանագնացների բանակցային երրորդ ռաունդի վայրը՝ նշելով, որ հանդիպումը, ինչպես նախորդը, կկայանա Վիեննայում:

Նա նաև նշել է, որ գիտակցում է, որ Հայաստանը ճնշման տակ է, քանի որ սա ամենևին հեշտ գործընթաց չէ: Նաև հասկանում են, որ հայկական սփյուռքի մի մասը, հատկապես՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համայնքները, չեն աջակցում այս գործընթացին, ապա շարունակել է. «Բայց հիմա արդյո՞ք երրորդ երկրում հանդիպելու կարիք կա»: Չավուշօղլուն ընդգծել է, որ իր խոսքերը չպետք է ընկալել որպես մեղադրանք: Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է մի փոքր համարձակ լինի, քանի որ, եթե Թուրքիայում հանդիպում չեն կարողանում անցկացնել, ապա մյուս հարցերում ինչպե՞ս պետք է քայլեր անեն: Նա նաև հայտնել է, որ իրենք անգամ առաջարկել են սկզբում Երևանում հանդիպել, բայց հայկական կողմը չի համաձայնել՝ պնդելով երրորդ երկրում հանդիպելու վրա:

Չավուշօղլուն նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները, խոսել Խաղաղության համաձայնագրից, ձևավորվելիք սահմանազատման հանձնաժողովից, կրկին շեշտելով թուրք-ադրբեջանական անընդհատ շարունակվող շփումներն այս թեմայով:

Բացի այն, որ Թուրքիան Հայաստանին հորդորում է ուղիղ շփման մեջ մտնել առանց երրորդ մայրաքաղաքներում հանդիպումների, երրորդ կողմերի, նա նաև Երևանին ու Բաքվին էր կոչ արել շփվել առանց միջնորդների կամ երրորդ կողմերի, թեև Թուրքիան ինքն անընդհատ շփումների մեջ է Ադրբեջանի հետ և անուղղակի մասնակցում է գործընթացին: Չավուշօղլուն ժամանակ առ ժամանակ նաև առաջարկում է Երևան-Բաքու-Անկարա ձևաչափով հանդիպում: Այսինքն՝ Թուրքիան սկսում է ավելի ակտիվ աշխատել տարածաշրջանային բոլոր թեմաներում արտաքին միջնորդների դերը նվազեցնելու և Թուրքիայի դերը մեծացնելու ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում, վերլուծելով այս փուլում Թուրքիայի արտաքին քաղաքական ուրվագծվող թիրախները, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ, բնականաբար, Թուրքիան մեծացրել է իր համաշխարհային կշիռը, և կարելի է ասել՝ տարածաշրջանային և համաշխարհային շատ խնդիրներում Թուրքիան ներգրավված է տարբեր աստիճանի՝ և որպես մասնակից, և որպես միջնորդ:

Ըստ նրա, արդեն կարելի է ասել, որ միջազգային հարթակներում գերտերությունները Թուրքիային ընդունում են՝ ի համեմատ նախորդող 10-20 տարիների, որպես ավելի բարձր կարգավիճակ ունեցող երկրի, և նրա միջնորդ լինելը շատ կոշտ չի հերքվում, ավելին, երբեմն՝ ողջունվում է: Նա հորդորեց հիշել Թուրքիայում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները:

Նրա խոսքով, Չավուշօղլուի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիայի քաղաքականությունը՝ նախապայմանների վրա հիմնված, Հայաստանի նկատմամբ չի փոխվել՝ այն է, որ իրականացվել է 30 տարի շարունակ:

Ըստ Ռ․ Մելքոնյանի, միակ փոփոխությունը, որ կա՝ ՀՀ ՔՊ-ական իշխանությունների՝ այս ամենը տեսնել չկարողանալու հմտության բացակայությունն է:

«Տարբեր հայ պաշտոնյաներ՝ և՛ ԱԳ նախարարը, և՛ բանագնացը, հայտարարում են, որ Թուրքիայի հետ գնում են առանց նախապայմանների հարաբերությունների, և երբ որ մասնագետներն ասում են, որ իրականում կա նախապայման, քաղաքական գործիչները ոչ միայն չեն համաձայնում, այլև շարունակում են իրենց, իբրև թե, առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը, բայց Չավուշօղլուի հայտարարությունն ու դրան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը ցույց է տալիս, որ որևէ փոփոխություն թուրքական քաղաքականությունը չի կրել, և ՀՀ իշխանությունների պնդումը, որ գնում են առանց նախապայմանների հարաբերությունների՝ դա պարզապես ինքնախաբեություն է և նաև մեր հաասարակությանը մոլորեցնելու հերթական քայլերից մեկը»,- ասաց Մելքոնյանը:

Նա Չավուշօղլուի համարձակության կոչը՝ ուղղված Հայաստանին, երկու մասի բաժանեց:

«Սա Չավուշօղլուի հայտարարության իմիտացիոն բնույթն է բացահայտում, որովհետև ասում է, որ Հայաստանը կարող է համարձակ լինել և հանդիպել Հայաստանում կամ Թուրքիայում, այլ ոչ թե գնալ երրորդ երկրներ կամ հանդիպումն անել Վիեննայում, բայց համարձակ լինելու կոչի երկրորդ տարրն էլ այն է, որ ՀՀ իշխանություններն ավելի համարձակ հատեն կարմիր գծերը մեր պետականության և ազգի համար: ԱԺ ելույթներն ավելի անտրամաբանական դարձնեն, ավելի համարձակ խայտառակվեն, ավելի համարձակ ոտնահարեն մեր ազգի ու պետականության ձեռքբերումները, մեր ազգի ու պետականության համար կարմիր գծերը, որոնք երեկ ու երեկ չէ առաջին օրը պարզապես տորպեդահարվում էին: Ես կարծում եմ, որ Չավուշօղլուի կոչն ուղղված է հատկապես այն պատգամավորներին, որոնք երեկ ու երեկ չէ առաջին օրը ջերմեռանդ ՀՀ ԱԺ ամբիոնից խոսում էին ոչ հայաստանանպաստ գաղափարներով, գաղափարներ էին տարածում, երևի թե նրանց խրախուսում է ավելի համարձակ անել հակահայկական քայլեր»,- ասաց Մելքոնյանը:

Նա նաև ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները պարզապես երկու  հարևան երկրների հարաբերություններ չեն, դրանք միջազգային, համաշխարհային բարդ քաղաքականության մի մաս են, որում ընդգրկված են աշխարհի տարբեր պետություններ, առավելապես երեք գերտերություններ՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա:

«Սա ներկայացնել պրիմիտիվ հարաբերություններ՝ ճիշտ չէ, ուղղակի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ անտեսելով այս տարիների բոլոր միջնորդ պետություններին ու միջազգային ջանքերը, հնարավոր չէ: Հետևաբար՝ ցանկությունը՝ Հայաստանի հետ բանակցել ուղիղ և երրորդ կողմին դուրս մղել, ունի կարևոր մի պատճառ, որովհետև ՀՀ-ն ներկայացնում են մարդիկ, որոնք որևիցե կապ չունեն դիվանագիտության հետ, Հայաստանը ներկայացնում են մարդիկ, որոնք կառչած չեն ՀՀ շահերից, բնական է, որ այդ մարդկանց հետ բանակցել, այդ մարդկանց դիվանագիտորեն հաղթել, այդ մարդկանց որոշումներ պարտադրել՝ թուրքական դիվանագիտության համար մանկական խաղի է նման:

Չավուշօղլուի հայտարարության կեղծ բնույթն անմիջապես աչքի է զարնում, որ կոչ անելով երրորդ երկրներին չներգրավվել հայ-թուրքական գործընթացում՝ հենց իրենք են ներգրավվում՝ 30 տարի հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորելով Արցախի հարցով, հայ-ադրբեջանական հարցով: Այսօրվա ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում, ի զարմանս ինձ, այդ շեշտադրումը կար: Այսօրվա ուրախ նոտաներից մեկն էր դա, քանի որ երեկ ու երեկ չէ առաջին օրն այնքան հակահայկական ելույթներ են հորդել ԱԺ ամբիոնից, այդ կետը մեզ ուրախացնում է չակերտավոր, ու հումորով կարող ենք ասել՝ որպես չափազանց տխուր երևույթ»,- ասաց Մելքոնյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ առաջիկայում ձևավորվի Երևան-Բաքու-Անկարա ձևաչափ, որին ձգտում է Թուրքիան՝ Մելքոնյանը պատասխանեց, որ իսկապես դա թուրքական ցանկությունն է:

«Չավուշօղլուն չի թաքցրել, որ նման հանդիպում ցանկացել է կազմակերպել Անթալիայում, որը կարծես թե չի ստացվել: Չեմ կարծում, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ունեն այնպիսի ռեսուրսներ, որ կարողանան մինչև վերջ դիմագրավել ու մերժել դիվանագիտական այս առաջարկ-պարտադրանքը: Չեմ բացառում, որ, այո, ինչ-որ պահի կարող է լինել այդպիսի ձևաչափ, թե ինչպիսի ձևակերպմամբ՝ այլ հարց է, բայց չեմ բացառում, որ պարտվող հայկական դիվանագիտությունը կարող է նաև նմանատիպ դիվանագիտական կապիտուլյացիայի առաջ կանգնել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս