«Փաշինյանը պետք է հստակեցնի՝ միջազգային հանրություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունի և ինչպիսի՞ օգնություն է ակնկալում, երբ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում». Արթուր Մարտիրոսյան

168.am-ի զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, նախօրեին և մասամբ նաև այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ըստ էության բաց տեքստով ներկայացրեց՝ Արցախյան հարցով ինչպիսի կարգավորման է գնում իշխանությունը, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի համատեքստում: Շատ շեշտադրումներ եղան, սակայն կարևոր էր հղումը միջազգային հանրությանը, թե առաջարկվում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում մեր նշաձողը, ասվեց, որ իրենք նախկինում հիմքում դնում էին կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները: Ըստ Ձեզ, ի՞նչ էր նշանակում այս ելույթը: Ի՞նչ տպավորություն ստացաք:

– Նախ ասեմ, որ ինձ չի զարմացրել այս ելույթը, նա եկել-հասել է այն տրամաբանական կետին, որից սկսել էր իր գործունեությունը Հայաստանում: Սկզբնական շրջանում, իր ասելով, միգուցեև կասկածներ ուներ այդ ճանապարհի հարցում, նոյեմբերի 9-ից հետո նա հստակ երկիրը տանում էր այդ ուղղությամբ: Պարզապես նա փորձեց համոզվել, որ երկրի ներսում իր դեմ հնարավոր չեն սուր հակամարտություններ, դիմադրություն, դրա համար ժամանակ էր ձգում, բայց պարզ էր, որ սրանով է ավարտվելու:

Երբ դու բանակցում ես, և քեզ թվում է, որ դու թույլ ես, ավելին՝ ոչինչ չես անում քո դիրքերն ուժեղացնելու համար կամ չես տեսնում այն եղանակները, որով կարող ես ուժեղացնել այդ դիրքերը, ես չեմ ասում, որ դա անհնար է, բայց ինքը չի տեսնում, որովհետև ասում է, որ այլընտրանք չկա սրան, ուրեմն մնում է ընդունել մյուս կողմի պահանջները, ում դու պարտվել ես:

Չեմ բացառում, որ ժամանակին բանավոր խոստումներ էր տվել, որ պետք է անի, պարզապես ժամանակ էր շահում: Ահա հիմա եկել է ժամանակը, ու նա պետք է իրականացնի այն, ինչ խոստացել է՝ ձեռքերը լվանում ենք Արցախից, ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նաև ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, և այդտեղից սկսում ենք ինչ-որ խաղաղության դարաշրջան:

– Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունը, ում հղում է անում Նիոլ Փաշինյանը, իսկապե՞ս նման պահանջ է դնում Հայաստանի առջև, կամ այս դեպքում ո՞վ է միջազգային հանրությունը:

– Մի քանի տարի առաջ դեռ կարող է ինչ-որ մեկն ինձ հետ վիճեր ու ասեր, որ կա միջազգային հանրություն, կա ՄԱԿ, բայց այսօր մենք գիտենք, որ նման հասկացություն պարզապես գոյություն չունի: Այնպես որ, երբ նա ասում է, որ դա միջազգային հանրության պահանջն է, ապա պետք է հստակեցնի անուն-ազգանունով՝ ով է իրեն դա ասել, և ինչպիսի օգնություն է նա ակնկալում, երբ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է ինքը սպասում, սպասում է, որ պետք է ստանա այդ, այսպես կոչված, խաղաղության դիվիդենտները: ԵՄ-ն, որի հովանու ներքո այս պահին բանակցում է, իրեն խոստացել է օգնություն, նոր գումարներ: Սա է իրավիճակը: Դժբախտաբար, բնակչությունը գտնվում է մի վիճակում, որը ես սահմանել եմ՝ որպես հարմարվողական թմրություն, այսինքն՝ բնակչությունը չի ցանկանում պատերազմ, ու Փաշինյանը դրա վրա խաղում է, ասում է՝ սա է միակ այլընտրանքը:

Ընդդիմությունը կամ այլ ուժեր չեն ներկայացնում հստակ տեսլական, իրենք քննադատում են Փաշինյանին, շատ սուր են քննադատում, բայց դա այն չէ, ինչ սպասում է սովորական մարդը։ Նա սպասում է՝ արդյոք կա՞ այլընտրանք, թե՞ ոչ: Այսօրվա մեր ԱԺ նիստերը նմանվում են Կոմկուսի նիստերի՝ իրենք ասում են, իրենք  ծափ են տալիս, իրենք՝ ուրախանում: Դա ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի: Ժողովրդավարության պահանջներից մեկն իշխանության փոփոխելիությունն է, պետք է փոխվի 2-3 անգամ, որ հնարավոր լինի նման բան պնդել, իսկ մենք այդպիսի ճանապարհ չենք անցել: Փաշինյանը պնդում է, որ լեգիտիմ է, այնպիսի մանդատ է ստացել, որ գնա նման անընդունելի զիջումների, սակայն դժվար թե հայության մեծ մասը դա ընդունի, բայց նաև դա չի նշանակում, որ կարող է դրա դեմ գործունեություն ծավալել, սա է խնդիրը։ Այստեղ է ամենակարևոր կետը, որտեղից ինքը համոզված է, որ կարող է վերջակետ դնել այս հարցում՝ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ձեռքերը լվանա Արցախից:

– Ինչպես ասացիք, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե չկա այլ տարբերակ, քան այս ծայրահեղ սցենարով գնալն է: Հասկանում ենք, որ պատերազմից հետո բավականին ծանր իրավիճակում ենք հայտնվել, սակայն այլ իշխանության դեպքում մենք բանակցային սեղանին իսկապես չէի՞նք կարող ունենալ այլընտրանքներ՝ հատկապես աշխարհաքաղաքական այս անկայուն փուլում:

– Այլընտրանքներ միշտ կան, բանակցությունը դժվար արվեստ է, Փաշինյանին և իր թիմին թվում է, թե բանակցությունները ճարպկությունն է, «կռուտիտն» է, այն, ինչ այստեղ աշխատում է գավառական եղանակներով, չի աշխատում միջազգային հարաբերություններում ու դիվանագիտությունում: Ուստի ինքը մեկ կենտրոնին մեկ բան խոստանալը, մյուսին՝ նույնը խոստանալը, գցելը համարում է դիվանագիտություն, սակայն շատ կարճ կյանք ունի այդպիսի բանակցողի ոճը:

Նա չի էլ պատկերացնում, թե ինչ է հնարավոր: Բացի այդ՝ նա պարտված կողմ է, իրեն այնքան են նվաստացրել, որ ինքը հոգեբանորեն ևս դժվարանում է Ալիևի հետ մի սենյակում գտնվել, որն իրեն ծաղրի է ենթարկում, իսկ ինքը լռում էր՝ հանուն իբրև թե խաղաղության: Այս հոգեբանական գործոնը ևս կա:

Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա հնարավորություններ կան, պետք է մտածել՝ ինչպես ամբողջ ռազմավարությունը՝ բանակցային և դիվանագիտական ռազմավարությունը վերանայել, ստեղծել տեսլական, համախմբել բոլոր ռեսուրսները, այսինքն՝ պետք է լինի աշխատանք, որին պարոն Փաշինյանը իր բնական տվյալներով կամ հանգամանքների բերումով պատրաստ չէ: Նա կարող է ձևացնել իր պոպուլիստական հայտարարություններով, թե առաջնորդ է, բայց առաջնորդն աշխատում է համախմբելու համար: Այստեղ վստահությունը առանցքային հանգամանք է: Ինչպե՞ս կարող եմ վստահել մեկին, ով միշտ ստում է: Երեկ էլ մեղքը փորձում էր գցել Տոնոյանի վրա, պարոն Տոնոյանը պետք է պատասխաններ տա իր արարքների համար՝ որպես Պաշտպանության նախարար, բայց ի՞նչ է նշանակում, որ պատերազմի երրորդ օրն իմացավ, որ զրահաբաճոնների պակաս կար, բայց չէ՞ որ հուլիսի 23-ին ասում էր, որ հայոց բանակն ապացուցեց, որ ամենամարտունակն է մեր տարածաշրջանում: Այդ ժամանակ չգիտե՞ր, որ զրահաբաճկոն չկա: Եթե գիտեր, որ ելակի պակաս կա բանակում, չգիտե՞ր, որ զրահաբաճկոնի պակաս կա:

Դու կարող ես չլինել ռազմական մասնագետ, դու կարող է շատ բաներ չհասկանաս արդիական ռազմական գործից, բայց որպես կառավարիչ՝ պետք է հասկանաս, որ եթե չկա զրահաբաճկոն, դա ավելի կարևոր է պատերազմի ժամանակ, քան ելակը:

Ես մի օրինակ բերեցի, բայց իր ստերն այնքան շատ են, իր խոսքում հակասություններն այնքան շատ են: 2018 թ. նա գիտեր, որ սեղանին այդ տարբերակն է, բայց մեզ ասում էր, որ 0 կետից է սկսում: Պարզվեց, որ ոչ մի 0 կետից էլ նա չի սկսում:

Իր բոլոր ելույթներում նա ստում է, այդպիսի առաջնորդը չի կարող համախմբել իր շուրջ: Իսկ իշխանությունը պահելու համար սա բավարարում է, երկրորդ ընտրությունն անցավ, նա հաջողացրեց ու մնաց իշխանության, չնայած, եթե մենք կրկին նայենք ժողովրդավարության տեսության տեսանկյունից, ապա ես չէի ասի, որ լեգիտիմ է այս մանդատը, որովհետև նա ստացել է քվեարկությանը մասնակցած բնակչության կեսի կեսի ձայները: Դա չի նշանակում, որ դու ունես լայն մանդատ այնպիսի հարցերում, որոնք բոլոր ժողովրդավարական երկրներում պահանջում են հանրաքվե, իսկ այլ հարցերով նույնիսկ պատրաստ էր անել հանրաքվե, խոստանում էր, որ բոլոր հարցերով հանրաքվե կանցկացնի, և ևս մեկ անգամ ստեց:

Հիմա շատ են օգտագործում «դավաճան» բառը, ես հիմա չգիտեմ՝ դավաճանություն եղե՞լ է, թե՞ չի եղել, բայց ինձ համար դավաճանություն է, երբ դու դիտավորյալ ստում ես, դավաճանում ես նրանց, ով վստահել է քեզ:

– Կարճ անդրադառնանք նաև բանակցային գործընթացի արտաքին կողմին: Անցնող շաբաթվա ընթացքում հասկացանք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահության ձևաչափով այլևս չի գործելու, ԵՄ-ն է զբաղվում ակտիվ միջնորդությամբ, ՌԴ-ն պատերազմի ֆոնին պասիվացել է, Թուրքիան է առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին առանց միջնորդների կարգավորել, առաջարկում է հանդիպումներ Թուրքիայի հովանու ներքո: Հնարավո՞ր է՝ գործընթացն աշխարհաքաղաքական զարգացումների և Թուրքիա-Արևմուտք ջերմացման փուլում հայտնվի թուրքական հովանու ներքո:

– ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը մահացել էր վաղուց, գիտեինք այդ մասին, պարզապես ձևի համար պահպանվում էր, չնայած ոչ մի նոր առաջարկ, սկզբունքային հայտ նույնիսկ պատերազմի ժամանակ չարեցին, թեև միջնորդների բանակցային գործընթացի կարևորագույն երեք սկզբունքներից մեկն ուժի չկիրառումն էր, պատերազմի ժամանակ չլսեցինք հստակ քննադատություն իրենց կողմից:

Ինչո՞ւ է ԵՄ-ն աշխուժացել: Նախ՝ հենց ինքը՝ Փաշինյանն է փորձում եվրոպական դաշտում ակտիվանալ, որովհետև համոզված չէ, թե ինչ է լինելու ապագան՝ ՌԴ-Ուկրաինա, ՌԴ-Արևմուտք զարգացումներն ինչով են ավարտվելու:

Պարզ է՝ ինչ է ուզում անի, դրա համար սկսում է ակտիվացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ԵՄ-ն, այո՛, ունի արժեքներ, բայց միամիտ կլիներ մտածել, որ առաջնորդվելու է արժեքներով․ ո՛չ, առաջնորդվում է շահերով: ԵՄ շահն ասում է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հարավային էներգետիկ միջանցքը՝ տրանսանատոլյանը, տրանսադրիատիկը, հզորանան և Ադրբեջանի միջոցով Ղազախստանի նավթը, Թուրքմենստանի, Ադրբեջանի գազը գա, և այս կոնտեքստում իրենց շահերը սպասարկողն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Հայաստանին այդ դերն են տալիս, որ ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, և երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «միջազգային հանրություն», նկատի ունի ԵՄ-ին, քանի որ իր վերջին բանակցությունները եղել են ԵՄ-ի հովանու ներքո: Սխալ կլինի մտածել, որ արժեքային համակարգից ելնելով՝ ԵՄ-ն կանգնելու է ինքնորոշման իրավունքի կողքին, ո՛չ, նրանք իրենց շահերն են կարևորում:

Ինչ վերաբերում Ռուսաստանին, ապա նրան այս պահին հետաքրքրում է, որ ուկրաինական երկրորդ ճակատ չբացվի Անդրկովկասում և Միջին Ասիայում, իրենք շահագրգռված են զսպելու այդպիսի սցենարները ոչ թե այն պատճառով, որ հայերին ինչ-որ հատուկ ձևով են վերաբերվում, այլ որովհետև իրենք շահեր ունեն, և այդ շահերի բախում է լինելու Ադրբեջանի և թուրքական աշխարհի հետ, բայց դա՝ ապագայում։ Հիմա արդեն իրենք մտածում են այդ ապագայի մասին, տեսնում են այդ ապագան, տեսան, ինչպես վարվեց Ղազախստանն իրենց նկատմամբ պատերազմի ժամանակ Ուկրաինայի հետ, ուստի հասկանում են, որ հեռանկարում այդ պանթուրքական գործիքն օգտագործվելու է իրենց դեմ, երկրորդը՝ էներգետիկ միջանցքը՝ ևս, ուստի իրենց պետք է, որպեսզի ազդեցությունը պահպանեն Ղարաբաղում: Ուզի թե չուզի Հայաստանը, բայց նրանք այդ ազդեցությունը պետք է պահպանեն, որ լծակ ունենան Ադրբեջանի նկատմամբ:

– Այդ ներկայությունը փաստորեն դառնում է ռեգիոնում աշխարհաքաղաքական մրցակցության ու թեժ զարգացումների պատճառ:

– Հնարավոր է, որ կարող է դառնալ, բայց շատ բան կախված է նրանից, թե դու ինչպես ես բանակցում, ինչպիսի ռազմավարություն, դիվանագիտություն ու ռեսուրսներ ունես: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին ու իր թիմին, նրանք ոչ կոմպետենտ են, դա ինքն իր ելույթներով ապացուցում է: Հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել:

Իմ ամենամեծ մտահոգությունը նրանում է, որ ոչ կոմպետենտ լինելով՝ նրանք կսրեն հարաբերությունները ՌԴ-ի հետ, կընկնեն թուրք-ադրբեջանական ճնշման տակ, որը, պարտադիր չէ, որ լինի ռազմական, և հույսը դրած Եվրոպական խոստումների վրա, իսկ դա կարող է բերել նրան, որ վիրավոր արջը ավելի վտանգավոր դառնա, և մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ մութ ու ցուրտ տարիները կթվան մեզ ավելի հեշտ ու հանդուրժելի իրենց ապիկար քաղաքականության արդյունքում, որը նրանք ներկայացնում են՝ որպես Խաղաղության դարաշրջան: Պարզապես ժողովուրդը ցանկանում է հավատալ, որ խաղաղություն հնարավոր է: Ներկայումս խնդիրը նրանում է, որ ազգի այն մասը, որը մեծամասնությունն է, մերժի այս ամենը, իսկ դրա համար հարկավոր է այլընտրանք ունենալ, դա էլ իր հերթին ընդդիմության խնդիրն է՝ ինչպես այդ տեսլականը ձևակերպեն, որ մարդիկ հավատան այդ տեսլականին, որ առանց պատերազմի հնարավոր է բանակցել ու առանց զիջումների ստանալ այն, ինչ բխում է քո շահերից: Եթե չգիտեն՝ ինչպես, պետք է քննարկեն, խոսեն մասնագետների հետ:

Իսկ պարոն Փաշինյանի ոճը փողոցային «կռուտիտն» է, իրեն թվում է, որ դրանով կարող է հաջողության հասնել, կարճատև՝ միգուցե, բայց ոչ երկարատև, ինչպես չեն բերի հաջողության նրա խաղերը՝ գրպանային ընդդիմությանը փողոց դուրս բերելու, իբրև թե իր հրաժարականն են պահանջում, բայց այնքան արևմտամետ են, որ ուկրաինական դրոշն են դնում հրապարակում: Պարզ է, թե ինչ խաղեր են դրանք, իրեն թվում է, թե ՌԴ-ն չի հասկանում՝ ինչ է ինքն անում, որ այս ամենն ավարտվի, կրկին Ռուսաստանին ու Արևմուտքի «կռուտիտի» ոճի շրջանակներում ինչ-որ բաներ ասի: Բայց դա չի աշխատում, սա լուրջ բանակցային դիվանագիտական ռազմավարություն չէ:

Տեսանյութեր

Լրահոս