Ինչո՞ւ է Երևան ժամանել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մասին աղմկահարույց հայտարարություններից հետո Երևան է այցելել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը։ Հայտնի դարձավ, որ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Երևանում Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ում հետ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
«Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Տեղեկություններ կան, որ ամերիկացի համանախագահը ևս այցելելու է Հայաստան։ Կարևոր է հիշեցնել, որ մարտի 28-ին միայնակ Երևան էր այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևը։
Ավելի վաղ՝ մարտի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պատասխանել էր Ադրբեջանի Հանրապետության փոխանցած առաջարկներին: ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը news.am-ին տված հարցազրույցում նշել է, որ ստեղծվելուց ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահները չափազանց կարևոր դեր են կատարել կողմերի երկխոսությունը կազմակերպելու հարցում և հույս հայտնել, որ ապագայում ևս այդպես կլինի։ Նրա կարծիքով, եթե նույնիսկ նոր ձևաչափ ձևավորվի, ապա այն պետք է նման լինի ԵԱՀԿ Մինսկի խմբին, այս առումով նախկին համանախագահը կարևոր է համարում կողմերի դիրքորոշումները։ Ուորլիքը համարում է, որ այնուամենայնիվ առանց ԵԱՀԿ ՄԽ-ի էլ հակամարտությունը կարող է կարգավորվել։ Նրա կարծիքով՝ եթե Եվրոպական խորհուրդը ցանկանում է դերակատարում ունենալ, և կողմերի համար դա ընդունելի է, շատ լավ է, կարող են այլ կողմեր էլ միջնորդել, ինչպես եղել է նախկինում։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը մի փոքր ուռճացնում է իրավիճակը, ներկայացնելով, թե ԵԱՀԿ ՄԽ-ն փլուզվել է Արևմուտքի մեղքով, քանի որ պատերազմից հետո Ռուսաստանը չէր պատկերացնում որևէ այլ միջնորդի կարգավորման գործընթացը լիարժեքորեն սեփականաշնորհելով։ Նրա գնահատմամբ, Հայաստանի համար պետք է որ անակնկալ չլիներ ՄԽ-ի շուրջ առկա իրավիճակը, քանի որ այն շատ ավելի վաղուց գործունեություն չի ծավալում և ժամանակ առ ժամանակ այդ ձևաչափի գործունեությունը բառացիորեն հայտնվում էր փակուղում թե՛ կողմերի միջև տարաձայնությունների, թե՛ համանախագահների միջև առկա խնդիրների պատճառով։ Բացի այդ, վերլուծաբանի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն ամենաարդյունավետ ձևաչափերից չէ, որ եղել է, չնայած դիվանագիտական շրջանակները մշտապես այն կարևորել են՝ որպես գործիք և որպես ՌԴ-Արևմուտք համատեղ աշխատանքի ցուցիչ։
«Ներկայումս աշխարհը հայտնվել է միջազգային հարաբերությունների արտասովոր պայմաններում, երբ մեզ հայտնի որևէ կանոն չի գործում, ինչո՞ւ պետք է տապալվեն բոլոր ռուս-արևմտյան համատեղ աշխատանքները, ձևաչափերը ու պահպանվի Մինսկի խումբը։ Արևմուտքը ուղերձ է հղում, որ ՄԽ-ի բացը կարող է լրացնել, եթե դրան դեմ չեն կողմերը։ Այստեղ Ռուսաստանն էլ իր հերթին՝ կես ճշմարտություն է նշում, այնպես չէ, որ ՌԴ-ն մշտապես ոգևորված է եղել ՄԽ գործունեությամբ, մշտապես ձգտել է դրանում առաջնորդության։ Բայց իրավիճակը փոփոխվում է, այս աննախադեպ ճգնաժամային օրերին բարդ կլիներ պատկերացնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան որևէ գոտու վերաբերյալ միացյալ փաթեթ քննարկել, ճանաչել այդտեղ ՌԴ-ի դերը։ Պետք է հարմարվել նոր իրողություններին և հնարավորինս թույլ չտալ իրավիճակի էսկալացիա առկա այն միջոցներով, որոնք կան։ Կողմերն այլ ելք չունեն և, ինչպես երևում է, պատրաստվում են աշխատել թե ՌԴ-ի հետ առանձին, թե ԵՄ-ի հետ»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն նպատակ ուներ վերսկսել գործունեությունը, ապա ֆրանսիացի համանախագահը ՀՀ չէր այցելի միայնակ՝ առանց ամերիկացի համանախագահի։ Նրա կարծիքով, սա նշանակում է, որ համատեղ աշխատելու ծրագիր գոնե այս պահին չկա, և արևմտյան համանախագահները պարզապես հարկ են համարում պարզաբանել ստեղծված իրավիճակն այն կողմին, որը դիմել է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման համար։ Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ միասնական ձևաչափի առանձին դիվանագետների առանձին այցերը ԵԱՀԿ ՄԽ միասնական օրակարգի հետ կապ ունենալ չեն կարող։
«Իհարկե, բարդ է անցումային, փոփոխական, լարված այս փուլում դիվանագիտական գործընթաց իրականացնել, խաղաղությունը ևս շատ փխրուն է, բայց կարծում եմ՝ ներկայիս բարձրաստիճան նախաձեռնությունները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն էր։ Կրկին կողմերն իրենք պետք է կարողանան շատ ավելի մեծ աշխատանք իրականացնել՝ իրենց հարցերը բանակցային օրակարգ դարձնելով։ Հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարցով ևս բաց դիմակայություն է սկսվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հակամարտության մոտալուտ կարգավորումը քիչ հավանական եմ համարում, քանի որ արտաքին միջնորդներից յուրաքանչյուրը գործընթացն իր կողմ է քաշելու»,- պարզաբանեց Պավել Ֆելգենգաուերը: