Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. բարի ֆիլմեր, որոնք կջերմացնեն հոգին
Պատերազմների, համաճարակների և անընդհատ փոխվող աշխարհում բարությունը թարմ օդի պես հարկավոր է: Հանգստյան օրրեին առաջարկում ենք կատարել բարի արարքներ և դիտել ֆիլմեր, որոնցում պատկերաված բարությունը կազատի բացասական մտքերից:
«Իսկ ներսում ես պարում եմ»
Իռլանդացի ռեժիսոր Դեմիեն Օ’Դոննելլի գեղարվեստական ֆիլմը պատմում է երկու տղաների ընկերության մասին: Նույնիսկ հաշմանդամի սայլակի վրա գամված՝ տղաները պահում են ներքին լույսը և սեփական կյանքի տնօրինումը վերցնում են իրենց ձեռքը:
«Ամելի»
Երազող Ամելին իր լոգարանում գտնում է հին խաղալիքների պահոց և ոգևորվում է «գանձը» իր օրինական տիրոջը վերադարձնելու գաղափարով: Այս դիպվածը փոխում է Ամելիի կյանքը և այն լցնում մեկը մյուսին հաջորդող բարության դրսևորումներով:
«Ապաքինող Ադամսը»
Ռոբին Ուիլյամսի ֆիլմացանկը լի է հոգին ջերմացնող ֆիլմերով: Դրանցից լավագույններից մեկը ապաքինող Ադամսի մասին պատմող կինոնկարն է, որը հիմնված է հայտնի բժիշկ և հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսի կյանքի վրա։ Բարությունը կարող է փոխել մարդկային կյանքեր և հրաշքներ գործել:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան