ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:
«Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը ՝ երկուսը Հյուսիսային և երկուսը հարավային ուղղություններով:
Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 362,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ:
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: