
Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով, հայտնում է 1lurer.am-ը։
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։
ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։
Հիշեցնենք՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Բանտում ավելի քան մեկ տարի անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ էր արձակվել։ Եվրոպական դատարանը գտել էր, որ 2008-ի մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները: Ըստ վճռի՝ Նիկոլ Փաշինյանը ենթարկվել է հետապնդման նաև նրա համար, որ ակտիվորեն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումները։