«Ինքնապաշտպանվում է ազգային արժանապատվություն ունեցող մարդը, բայց ոչ ստրուկը». Գագիկ Գինոսյան
Հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ համազգային համախմբում վաղուց էր պետք, իսկ տրոհումը կատարվել է Հայաստանի գործող իշխանությունների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների կանխակալ մտածելակերպի արդյունքում։
«Տպավորություն է, որ այդպես պետք էր, այդպես արվել է, և քայլ առ քայլ ու հստակ ինչ-որ բան է արվել, որը բոլորին ձեռնտու է։ Այսինքն՝ կողմերը տեղյակ էին՝ հայկական երկու պետությունները, ռուսական, թուրքական ու ադրբեջանական, մի վատ ասացվածք կա՝ և՛ այծերն են ողջ, և՛ գայլերն են կուշտ։ Ստացվում է, որ այս պարագայում յուրաքանչյուրը հստակ գիտի, թե ինչ է ուզում ու ինչ է անում։ Թեև դրան չեմ հավատում, բայց անգամ, եթե Հայաստանի ու Արցախի իշխանությունները շատ խորը դիվանագետներ են, հանճարեղ, որևէ բան են անում, որը մենք հետո կհասկանանք, նույնիսկ այդ գնով ազգն այսպես պառակտել, տրորել ու փսորել, կտոր-կտոր անել և ազգային ինքնությունից շեղել՝ մեծագույն հանցագործություն է։ Եթե մենք երբևէ կարողանանք վերկանգնվել, գուցե տասնամյակներ անհրաժեշտ լինեն։ Այս տեսանկյունից վաղուց համախմբման խնդիր կա։
Բայց ինչի՞ շուրջ համախմբվել, այ սա շատ կարևոր է, որովհետև շատ վտանգավոր եզրույթներ կան, և նույնիսկ ինձ համար վիրավորական է ոչ թե հանուն վեհ գաղափարների է, այլ ողջ մնալու կենդանական բնազդի։ Ես չեմ ուզում համախմբվել մեկի հետ, ով կենդանական բնազդով ուղղակի ողջ մնալու համար է դա ուզում անել։ Այլ կարող եմ համախմբվել նրա հետ, ով ավելի քան խորքային գիտակցում է իր ինքնությունը, արժեհամակարգը, ազգային արժանապատվության խորը գիտակցում ունի, և նա այդ ամենը անում է հանուն դրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը։
Գագիկ Գինոսյանի կարծիքով, եթե անգամ գիտակցում են, որ ներկայիս իշխանությունն ապիկար է, չնայած ավելի վատն են և կանխամտածված այս ճանապարհով են տանում, միևնույն է՝ պետք է ոչ թե իշխանությունների դեմ, այլ ազգային ամբողջականության, հայրենատիրության կողմ գնալ և ազգի ինքնագիտակցության կողմ գնալ և այդ ճանապարհին, ինքնաբերաբար, իշխանությունն ինքը կփորձի դեմ ելնել այդ ամենին։
«Որևէ մեկն այդքան արժեքներով լի չէ, որ ես իրեն դեմ գնամ։ Ինքս ունեմ իմ գաղափարները, որի կողմ փորձում եմ գործել։ Բոլոր նրանք, ովքեր ազգային գաղափարախոսության, հայրենատիրության, հայրենիքի ամբողջականության, ազգային արժանապատվության կողմ են, նրանց հետ պատրաստ եմ համախմբվել, բայց ոչ նրանց, ովքեր դեմ են գնում»,- շեշտեց Գագիկ Գինոսյանը։
Ազատագրված Արցախի մեծ մասը կորցնելուց հետո, ինչո՞ւ չի հաջողվում ազգին համախմբել, ո՞րն է խնդիրը։ Գագիկ Գինոսյանն այս հարցին իր ուրույն պատասխանն ունի՝ շաղախը կեղծ է։
Նրա մեկնաբանությամբ՝ 1988 թվականի երկրաշարժն ապացուցեց, որ շենքերի քարերն ամրացնող շաղախից ցեմենտը գողացել են, և թվացել է, թե այն կվայելեն։ Սակայն բոլոր այդ շենքերը փլվեցին գողացողների գլխին, և զոհերը բոլորինն էին։
«1991-1992 թվականից գողացվել է իրական շաղախը այդ հաղթանակի, վեհությունը, գաղափարը, ազգային հայրենատիրությունը, սկսեցին լծվել կեղծ արժեքներ ստեղծելու, բանակի հաշվին գիրանալու գործին։ Ինչ-որ մի բանի շուրջ համախմբվելու համար շաղախ է պետք, իսկ շաղախը կեղծ է։ Շաղախը, որի շուրջ հավաքվել են բոլոր իշխանություններն անխտիր՝ սկսած Առաջին հորջորջվող նախագահից, որը հենց ազգի կազմալուծողն է։ Այդ ազգային գաղափարախոսության, նոր սերունդը ազգային ինքնաճանաչ կերտելու փոխարեն, մենք ասում ենք՝ բարեկեցություն, կամ իշխանությունը շրջանառության մեջ է դնում անվտանգությունը։ Բայց ստրուկն էլ է անվտանգ, նրա անվտանգությունն ապահովում է տերը, ով ճիպոտով նրան աշխատեցնելուց հետո, մինչև քրտինքի կամ արյան վերջին կաթիլը շահագործելու է։ Անվտանգությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն, սրա մասին Նժդեհը 100 տարի առաջ գոռում էր, որ նույնիսկ հայ եկեղեցու կրոնը պետք է ինքնապաշտպանություն լինի։ Ինքնապաշտպանվում է հայրենասեր ու ազգային արժանապատվություն ունեցող մարդը, բայց ոչ ստրուկը։ Տղաները զոհվեցին ոչ թե նրա համար, որ մենք անվտանգ ապրենք, այլ, որպեսզի արժանապատիվ ապրենք, հայրենիք ունենանք և հայրենատիրության ոգի ունենանք, այլ ոչ թե ուղղակի քարշ տանք մեր գոյությունը՝ ստրկացած, նսեմացած ազգային ինքնությամբ»,- հավելեց Գ. Գինոսյանը։
Հնարավո՞ր է հիմա շաղախը փոխել, ըստ Գագիկ Գինոսյանի՝ հնարավոր է, եթե մարդիկ մի քիչ սթափ լինեն և կարողանան գաղափարը տեղ հասցնել։
«Հասարակության մեծ մասն ի վիճակի չէ սթափ դատել։ Հիմա, երբ իշխանության գրպանում չգտնվող մտավորականը խոսում է, ո՛չ իշխանական լրատվամիջոցն է նրան եթեր տալիս, որովհետև իրենց էլ է վիրավորում, ո՛չ ընդդիմադիր, որովհետև նրանց էլ չի խնայում։ Ստացվում է, որ այսօր նման մտավորականն ամբիոն չունի և զրկված է ամբիոնից։ Հետևաբար, կա՛մ մեկի գրպանը պետք է մտնես, որ ամբիոն ունենաս ու լսելի դառնաս, կա՛մ տարբեր տեղերում, ընկերական սեղաններին փորձես այդ գաղափարները տարածես, ազգային արժանապատվություն սերմանես և այլն։ Իշխանական կամ ընդդիմադիր լրատվամիջոցներում տեսե՞լ եք իրենց քննադատող խոսք, բնականաբար, ոչ։ Իսկ լսե՞լ եք պետական հեռուստաընկերությունում իշխանությանը քննադատող խոսք՝ ոչ։ Այսինքն՝ դու զրկված ես որևէ բան խոսելուց, այսօր չկա այնպիսի հեռուստաընկերություն, որն անկախ է, և որտեղ կկարողանաս ազատ խոսել ազգային գաղափարներից։ Չեմ ուզում անուններ տալ, բայց հարցազրույցներ է եղել, որ ասել են՝ դե, հասկանում ես՝ այս հատվածը չի կարող եթեր գնալ»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը։