Ադրբեջանցի զինված ծառայողների գողացած 80 անասունների համար Կառավարությունը փոխհատուցում չի տրամադրել կութեցի տուժած ընտանիքներին
Ուղիղ տասը ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանական զինված ծառայողները 80 անասուն էին գողացել, բայց առ այսօր ոչ ադրբեջանցիներն են վերադարձրել առևանգած անասունները, և ոչ էլ ՀՀ Կառավարությունն է կութեցի 5 ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, թեև հանուն արդարության պետք է ասել, որ մարզպետարանից ինչ-որ օգնություն տվել են:
Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 31-ին մարզպետի որոշումով նշված 5 ընտանիքներին մարզպետարանի բյուջեից որպես օգնություն՝ 1.120.000 դրամ է տրամադրվել։
Չիտչյան Հ․՝ 260.000 դրամ
Չիտչյան Վ․՝ 240.000 դրամ
Չիտչյան Ա․՝ 50.000 դրամ
Չիտչյան Ս․՝ 100.000
Խաչատրյան Գ․՝ 470.000 դրամ։
Գողացված 80 անասուններից 7-ը պատկանում էին Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանի ընտանիքին, որն ընդամենը 100.000 դրամ օգնություն է ստացել, մինչդեռ շուկայում մեկ կովն արժե 300.000-400.000 դրամ:
168.am-ը կապ հաստատեց Սիմա Չիտչյանի հետ՝ պարզելու, թե Կառավարությունից ինչ-որ պատճառաբանություն ներկայացրե՞լ են , թե ինչու տուժած ընտանիքներին խոստացած փոխհատուցումները մինչ օրս չեն տալիս, քանի որ դեռ Գեղարքունիքի նախորդ մարզպետ Գնել Սանոսյանը, որն այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է, որպես մարզպետ՝ ասել էր, թե Կառավարությունում քննարկումներ են ընթանում գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։
«Փոխհատուցում չի՛ եղել, բայց ասում են՝ կլինի։ Մեր մարզպետն ասում է՝ Կառավարությունում տեղյակ են, վարչապետը տեղյակ է, փոխհատուցում կլինի, թե երբ, չգիտի։ Իսկ օրեր առաջ մեր մարզպետի տված գումարը օգնություն է եղել, ոչ թե փոխհատուցում»,- ասաց Չիտչյանը։
Դիտարկմանը, թե տեղեկություներ կան, որ իշխանության ներսում այս հարցի շուրջ խոսակցություններ են ընթանում, որ հնարավոր է ոչ թե՝ 80, այլ՝ ավելի քիչ անասուններ են գողացել ադրբեջանցի զինված ծառայողները, և կութեցիները առիթից օգտվելով՝ այլ թիվ են ներկայացնում, որպեսզի Կառավարությունից ավելի շատ գումար ստանան, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանությունները մտավախություն ունեն, որ փոխհատուցում տալով՝ սա կարող է նախադեպ դառնալ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչների համար։ Տիկին Չիտչյանն ասաց, որ գյուղացիներից որևէ մեկը չի ստում, ադրբեջանցի զինված ծառայողները հենց 80 անասուն են գողացել, և, որ այդ ամենը կարող են փաստերով ներկայացնել, քանի որ յուրաքանչյուր տարի անասունների հաշվառում է արվում, և բոլոր տվյալները պահպանված են։
«Գյուղապետարանի աշխատողներս հունվարի 1-ի դրությամբ հաշվարկ ենք անում՝ անասունների հաշվառում, այդ հաշվառման մի օրինակն ուղարկվում է մարզպետարան, մի օրինակը մնում է Վարդենիսի հաշվիչ կայանում, մի օրինակն էլ մնում է մեզ մոտ։ Երբ այդ կորուստն եղավ՝ թուրքերը մեր անասունները գողացան, թե կորպուսից, թե մարզպետարանից, որ եկան, առաջին հերթին մեզանից պահանջեցին այդ հաշվետվությունը։ Պապկան բացել եմ, տեսել են, որ այս մարդուն իսկականից ինչքա՞ն անասուն է եղել, հիմա ինչքա՞նն է մնացել։ Բացի այս, զինվորականներն էլ են տեսել, որ թուրքերը քշել-տարել են։ 81 կովերից մեկը փախել հետ էր եկել, թուրքի զինվորներն էլ հետևից վազել էին, բայց չէին կարողացել հետ տանել։ Լրիվինն էլ չոտկի թվերով գրել ենք, անասնապահն էլ լավ գիտի՝ որ ամիս ինչքան փող ենք տվել իրեն, մի գլխին 2000 դրամ են տալիս, այս 5 ընտանիքի անասուններին էր պահում այդ տղան։ Որ դեպքը եղել էր, եկել առաջին հերթին անասնապահին են հարցուփորձ արել, թե՝ քանի՞ անասուն ես պահելուց եղել, դեռ այդ ժամանակ անասնապահն էլ չգիտեր, թե ում անասունից քանիսն են գողացել․․․ Այդպիսի բան չի եղել, թող սուտ պատճառներ չբռնեն․․․»,- ասաց Կութի գյուղապետը։
Սիմա Չիտչյանին հարցրեցինք, թե արդյոք հաշվարկներ ունե՞ն, թե գողացված անասունների կորուստը գումարով է որքան է կազմում.
«Մենք մեր մի կովը 380.000 դրամ էինք առել։ Դատախազությունը 31.000.000 է գնահատել գողացված 80 անասունները, թղթերը մեզ մոտ է, բայց դեռ փոխհատուցում չկա։ Մեր՝ տուժած 5 ընտանիքներիս պահանջը Կառավարությունից փոխհատուցումն է, ուրիշ ոչ մի բան․․․»։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը 2021 թվականի հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ ասել էր, որ գողացված անասուններին վերադարձնելու ուղղությամբ վերջնական լուծում չունեն:
«Կա որոշակի աշխատանք, բանակցություններ, բայց ընդհանուր առմամբ այդ 81 անասունները պատկանում են 5 ընտանիքի: Մենք իրենց հետ աշխատում ենք, իրենց հետ հանդիպել ենք և այս ընթացքում նաև որոշակի փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, մինչև կհասկանանք՝ այս ընդհանուր պրոցեսի մեջ եթե անասունները հետ կգան, հետ կբերեն, ուրիշ, եթե ոչ, պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի: Հիմա սպասենք, տեսնենք՝ պրոցեսը ինչպես կզարգանա»,- ասել էր մարզպետ Սանոսյանը: