Բացել էին հյուրասենյակի պատուհանը, գողացել չհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր ու փող
Մարտի 8-ին մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի մի տնից գողություն էին արել: Օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստանալով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին դեպքի վայր:
Պարզվել էր՝ ժամը 18.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, գողացել չհրկիզվող պահարան, ոսկյա զարդեր ու փող:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ:
Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, դատախազության ու քննչական բաժնի ծառայողները:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ բնակարանային գողությունն արել է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 40-ամյա մի բնակիչ՝ Երևանում բնակվող 25-ամյա երիտասարդի հետ:
Մարտի 30-ին նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: