
Շրի Լանկայում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրանետներ են կիրառել բողոքի մասնակիցներին ցրելու համար

Շրի Լանկայում կարգի պահապաններն արցունքաբեր գազ եւ ջրանետներ են կիրառել բողոքի մասնակիցներին ցրելու համար, որոնք փորձել են գրոհել երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի տան վրա: Այդ մասին հաղորդել է The Times of India թերթը: Ցրելու ժամանակ շուրջ 50 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, որոնք լուսանում էին բողոքները, ստացել են վնասվածներ, նրանցից ոմանք հոսպիտալացվել են:
Հարյուրավոր մարդիկ գիշերը դուրս էին եկել փողոցներ՝ կարգախոսներ վանկարկելով Շրի Լանկայի նախագահ Ռաջապակսայի եւ կառավարության հրաժարականի պահանջով: Բողոքի մասնակիցները հրկիզել են ռազմական ավտոբուսը եւ ոստիկանական ավտոմեքենան: Բողոքողների դժգոհությունը կապված է երկրում առկա լուրջ տնտեսական ճգնաժամի հետ, որը Շրի Լանկայում վատագույնն են համարում 1948 թվականին անկախություն ստանալու ժամանակվանից ի վեր:
Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, մարդիկ չեն կարող գազ գնել կենցաղային կարիքների համար, չկա դեղորայք, բենզին, ինչպես նաեւ բազմաթիվ սննդամթերքներ, քանի որ երկրում դիտվում է օտարերկրյա արժույթի դեֆիցիտ, որը վճարում են Շրի Լանկա ներմուծվող ապրանքների դիմաց: Մի շարք հիվանդանոցներ դադարեցրել են վիրահատություններ կատարել կենսականորեն անհրաժեշտ բուժամիջոցների բացակայության պատճառով: Նախօրյակին Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել էին ամբողջ երկրում 10-12 ժամով էլեկտրաէներգիայի անջատումների մասին: Հեռոխոսակապը նույնպես աշխատում է ընդհատումներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: