Բաժիններ՝

ԱՄՆ-ը լրացուցիչ 204 մլն դոլար է տրամադրել Աֆղանստանին հումանիտար օգնության համար

Միացյալ Նահանգներն Աֆղանստանին շուրջ 204 միլիոն դոլար կտրամադրեն որպես լրացուցիչ մարդասիրական օգնություն: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ մարտի 31-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ։

«Մենք տրամադրում ենք շուրջ 204 միլիոն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն Աֆղանստանի ժողովրդի աջակցության համար, ինչի արդյունքում 2021 թվականի օգոստոսից օգնության ընդհանուր գումարը կազմում է 720 միլիոն դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ: Տրամադրված միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների եւ մի շարք միջազգայն հումանիտար կազմակերպությունների միջոցով:

Հայտարարության համաձյան՝ այդ փողով ենթադրվում է գնել սննդամթերք եւ ջուր, մատուցել հիմնական բժշկական ծառայություններ, ապաստան եւ իրավական պաշտպանություն տրամադրել Աֆղանստանի բնակիչներին, նպաստել «գենդերային բռնության դեմ պայքարին», «աջակցել ներքին տեղահանված անձանց, երկիր վերադարձող քաղաքացիների եւ հարեւան պետություններից փախստականների վերաինտեգրացմանը»: «Միացյալ Նահանգները նախկինի պես հանձնառու է աֆղան ժողովրդի հումանիտար պահանջմունքների օժանդակմանը եւ շարունակում է պնդել, որ «Թալիբան» շարժման ղեկավարությունը կատարի բոլոր աֆղան քաղաքացիների մարդու իրավունքների հարգման՝ իր պարտավորությունները, ներառյալ կրթություն ստանալու՝ աֆղան կանանց իրավունքը»,- ընդգծված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս