Պլանավորված պատերազմ է լինելու. թիրախում ողջ Արցախն է և Հայաստանում որոշ դիրքային տեղաշարժեր. Արա Վարդանյան

Թեև Նիկոլ Փաշինյանը, արդեն երկրորդ շաբաթն է՝ ահազանգում է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ, այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ էր գումարել ոչ թե պատերազմին ընդառաջ ստեղծված իրավիճակը քննարկելու, այլ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխություն կատարելու նպատակով: Իշխանական խմբակցության առաջարկած նախագծով ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավունք է վերապահվում Նիկոլ Փաշինյանին այն համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրություններից հետո չի հաջողվում գումարել արտահերթ նիստ, և, ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ օրենքը ընդունվում է Վանաձորի համար։

Հիշեցնենք, որ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանին ընտրությունից հետո կալանավորել են, և երկար ժամանակ նիստեր չեն գումարվում, ուստի օրենսդրական այս փոփոխությամբ Փաշինյանը հնարավորություն կստանա Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակելու։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանի գնահատմամբ՝ հերթական ներկայացումն է՝ ինչպես Ազգային ժողովում այսօր կատարվածը, այնպես էլ՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումը, հանրությանն իրական խնդիրներից շեղելու համար։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի մեջքի հետևում այսօր Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև սկսվել է սիրախաղ, թեև Ռուսաստանից ասում են՝ մի՛ շտապեք, որովհետև այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ամբողջ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի իշխանության տակ, ինչից հետո Արցախի մնացյալ տարածքից պետք է դուրս գան ռուս խաղաղապահները։ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու շաբաթվա հայտարարությունները Նիկոլի և Ադրբեջանի միջև պայմանավորված խաղ են, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ադրբեջանը դիտարկվում է՝ որպես դեպի Եվրոպա գազի մատակարարման այլընտրանք»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին չի բացառվում, որ Հայաստանը կանգնի Ալեքսանդրապոլի պայմանագրի նման մի պայմանագրի առաջ, որով Հայաստանի մի մասը կանցնի Թուրքիային, մի մասը՝ Ադրբեջանին։

«Նիկոլի հաշտության պայմանագիրը բացելու է դժոխքի ու նոր ցեղասպանության դուռը։ Պարտվողական պատերազմ է լինելու. թիրախում է ողջ Արցախն ու Հայաստանում որոշ դիրքային տեղաշարժեր»,- ասաց Վարդանյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Արցախը չի՛ կարող Հայաստանից անկախ՝ Ռուսաստանի հետ միասին գործել, որովհետև կախված է Հայաստանից ստացվող միջպետական վարկից, ինչը շատ լավ Արցախի դեմ շահարկում է Նիկոլ Փաշինյանը՝ որպես իր ձեռքում ամենախոշոր լծակ։

«Առանց Հայաստանում իշխանափոխության՝ Արցախում հարց լուծելն անհնարին է, չեմ կարծում, որ կարող ենք Արցախում արդյունքի հասնել՝ Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությամբ, այնպես որ, եթե վաղը Հայաստանի իշխանությունը կնքի հաշտության պայմանագիր և ընդունի, որ Արցախն Ադրբեջանի անբաժան մասն է, ապա Արցախին մնում է երկու բան՝ կա՛մ մինչև վերջին շունչը պայքարել, կա՛մ փորձել ստեղծել իշխանափոխության քաղաքական ալիք, որը կփոխանցվի Հայաստան։ Ցավոք սրտի, Սորոսի հիմնադրամն Արցախում ևս միլիոնավոր դոլարներ է ծախսում. նիկոլիզմը տարածված է նաև Արցախում»,- ասաց նա։

Վարդանյանը նաև ընդգծեց՝ սպասվող և պլանավորված պարտվողական պատերազմի ֆոնին ուշագրավ է, որ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել։

«Չեմ բացառում, որ փորձեն կրկին կալանավորել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ փորձելով խոչընդոտել նրա իշխանության գալը, որովհետև այդ դեպքում Հայաստանի հետ «տրյապկայի» պես վարվել հնարավոր չի լինելու»,- խոսքը եզրափակեց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս