«Իշխանությունների մոտ ընդունված է՝ իրենց խնդիրները բարդել ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի վրա». Սեյրան Օհանյան
«Իշխանություններն ինչ ասես կարող են ասել։ Այս ժամանակահատվածում իշխանության անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններում, նաև Արցախի սահմաններում կան բաց տեղեր։ Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել, աշխարհագրական նոր կոնֆիգուրացիայի շրջանակներում համապատասխան կառույցներ չեն ձևավորվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին Արցախում ստեղծված իրավիճակի և դրանում ռուս խաղաղապահներին մեղադրելու վերաբերյալ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունների խնդիրն է՝ ռուս խաղաղապահներին մեղադրե՞լ, թե՞ չմեղադրել, իսկ ընդդիմության խնդիրն է՝ իշխանությանն ասել, թե ինչու չի ձևավորվել փոխգործակցություն Արցախի ՊԲ-ի հետ, ինչպես նաև խաղաղապահ ուժերի միջև։
«Ինչու ամբողջությամբ չի ուսումնասիրվել առաջնագիծը և չեն փակվել այն բոլոր ճեղքերն ու ուղղությունները, որոնք վտանգ են սպառնում Արցախի խաղաղ բնակչությանը։ Ով պետք է պատասխան տա Փառուխի, Խրամորթի խաղաղ բնակիչներին, իրենք թող բնակիչներին հարցնեն, իհարկե, իրենք էլ ունեն այդ պատասխանատվությունը։ Դա նշանակում է, որ մերոնք նորմալ համագործակցություն չեն կազմակերպել։ Մեր իշխանությունների մոտ ընդունված է իրենց խնդիրները, տարածքային խնդիրները, հայրենիքի պաշտպանությունը բարդել ուրիշների վրա՝ ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի վրա»,- հավելեց Սեյրան Օհանյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության գոտին, այդ թվում՝ նաև ռուս խաղաղապահները: Դա միանշանակ է, շեշտեց պաշտպանության նախկին նախարարը:
«Ինձ համար անհասկանալի է այդ հայելային հետքաշումը, որովհետև գոյություն ունի դիրքերի պաշտպանության համապատասխան ձևավորված դասավորություն, կարող է՝ մի տեղ մենք իրենց հատվածում ենք, իրենք՝ մեր հատվածում, բայց սահմանի վերջնական ճշտումը պետք է իրականացվի այն ժամանակ, երբ ստեղծված են համապատասխան պայմաններ։ Ինձ զարմացնում է թուրքական խորամանկության մեջ մտնելու իշխանությունների միամտությունը, նաև զարմացնում է Արցախի Հանրապետության իշխանությունը։ Ցանկացած քայլ անելու համար պետք է նախատեսեն հաջորդ քայլը։ Ադրբեջանական կողմը պատերազմների ժամանակ մշտապես հրադադար է խնդրել, հետո գնացել ու պատրաստվել է հարձակման»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։