Ընդամենը 10 օրինակ. Bugatti-ն սկսում է Centodieci հիպերքարի արտադրությունը
Ֆրանսիական Bugatti մեքենաշինական ընկերությունն արտադրության համար պատրաստում է 1600 ձիաուժ հզորությամբ Centodieci հիպերքարը, որը լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, նորույթը միաժամանակ նվիրված է ֆրանսիական ավտոարտադրողի 110-ամյակին և Bugatti EB110 մոդելին, որն արտադրվել է ապրանքանիշի հիմնադիր Էտտորե Բուգատիի ծննդյան 110-ամյակի պատվին: Այն կառուցված է Bugatti Chiron մոդելի հիմքով:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 8 լիտր աշխատանքային ծավալով, 1600 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով՝ առավելագույն 380 կմ/ժ արագությամբ:
Ընդհանուր առմամբ, ստեղծվելու է Bugatti Centodieci-ի տասը օրինակ՝ յուրաքանչյուրը 8 մլն եվրո արժողությամբ: 2019 թվականի պրեմիերայից ի վեր հիպերքարի նախատիպերը փորձարկումներով անցել են ավելի քան 50 000 կմ, և միայն 2022 թվականին մեքենաները կդրվեն արտադրության: