Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի և նրա տեղակալի հետ

«Քիչ առաջ Ազգային ժողովում պատգամավորներ Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի հետ հանդիպեցինք Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անն Լույոին և դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանի հետ:

Դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ արտաքին և ներքին օրակարգի մի շարք հարցեր:

Առաջին հերթին դեսպանի ուշադրությունը հրավիրեցինք արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական բնույթ կրող մարդու իրավունքների և միջազգային հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարման դեպքերին, Արցախի Հանրապետության ժողովրդի բնաջնջնմանը միտված քայլերին: Հատկապես անդրադարձանք հումանիտար այն աղետին, որն իրականացնում է Ադրբեջանը արցախահայության նկատմամբ՝ խոչընդոտելով սաստիկ եղանակային այս պայմաններում բնական գազի անխափան մատակարարումը դեպի Արցախի Հանրապետություն:

Հանդիպման ընթացքում հույս հայտնեցի, որ Ֆրանսիան որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Արցախին բարեկամ երկիր կկրկնապատկի իր ջանքերը Արցախի ժողովրդի համար միտումնավոր ստեղծված հումանիտար աղետի վերացման գործում: Դեսպանին տեղեկացրել եմ նաև օրեր առաջ Արցախ կատարած իմ այցի մանրամասներն ու Արցախում տիրող իրավիճակի ողջ պատկերը:

Խոսեցինք նաև ՀՀ ներքին քաղաքական օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության սրընթաց հետնահանջին, մարդու իրավունքների աղաղակող խախտմանը վերաբերող մի շարք դեպքերի և իրադարձությունների մասին:

Ն.Գ. տիկին դեսպանին շնորհակալություն հայտնեցինք Ֆրանսիայի Հանրապետությանը բազմաթիվ հարցերում Հայաստանի Հանրապետությանը և արցախահայությանը բարեկամական աջակցություն ցուցաբերելու համար»:

Արթուր Վանեցյան

Տեսանյութեր

Լրահոս