«Բալի կղզու հոգեբանություն. վայելել իշխանության տված հնարավորությունները՝ առանց որևէ պատասխանատվության». Արմեն Բաղդասարյան
«Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախում մարդկանց բնակության համար անտանելի պայմաններ ստեղծվեն, ի վերջո, Արցախը հայաթափվի, այնտեղ ոչ մի հայ չմնա: Ընդ որում՝ մի օր կարող է գազատարը փակվել, մի օր՝ հոսանքն անջատվել, ջուրը կտրվել, մի խոսքով՝ ստեղծեն անտանելի պայմաններ: Խնդիրն այն է, որ այս իրավիճակին մենք միանգամից չենք հասել, այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ապահովել անգամ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի պայմանները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ նկատելով, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում նշված 5 կիլոմետրանոց միջանցքն էլ չտրամադրվեց, քանի որ Շուշիի տակ ճանապարհից 200 մետր հեռավորության վրա կանգնած են ադրբեջանցիներ:
«Խնդիրն այն է, որ Հայաստանը ժամանակին չի բարձրացրել այդ հարցերը, հիմա էլ չեն բարձրացնում, Ադրբեջանն էլ հասկացել է, որ կարող է գնալով մեծացնել իր ախորժակը, իր լկտիության մակարդակը բարձրացնել, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրը: Ես վստահ եմ, որ առաջին իսկ առիթի դեպքում նրանք Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհն են փակելու, իսկ Հայաստանի իշխանությունները ձևացնեն, թե դա մեր խնդիրը չէ, դա ռուս խաղաղապահների խնդիրն է»,- ընդգծեց նա:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ եթե անգամ իշխանություններին թվում է, թե Արցախից մեկընդմիշտ հրաժարվելով, անգամ Արցախի հայաթափմանը համաձայնելով՝ նրանք կարող են Հայաստանի համար ավելի լավ անվտանգային միջավայր ստեղծել, չարաչար սխալվում են. «Այդ անընդունելի զիջումների գնով իրենք ոչնչի չեն հասնելու, անգամ ճանապարհների ապաշրջափակման չեն հասնելու, որովհետև Ադրբեջանը պարզ ասում է, որ իրենք արևմտյան Զանգեզուրի, Բասարգեչարի և Էրիվանի հարց ունեն, այսինքն՝ այնպես չէ, որ Արցախի վրա խաչ քաշելով՝ խաղաղության դարաշրջան եք բացում: Ո՛չ: Վաղ թե ուշ մենք ստիպված ենք լինելու կանգնել փաստի առաջ և մինչև վերջ պաշտպանել մեր իրավունքները: Հետևաբար՝ այսօրվա այս քաղաքականությունը սխալ և անընդունելի է»:
Հարցին՝ իշխանությունները չե՞ն հասկացել, որ Արցախի մի մասը զիջելով՝ խաղաղության չեն հասնում, ինչո՞ւ են շարունակում զիջումների գնալ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ վախենում են, մյուս կողմից՝ ձևացնում են, թե իբր հավատում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների տված խոստումներին: Ինչո՞ւ եմ ասում՝ ձևացնում են, որովհետև համոզված եմ՝ իրենք էլ գիտեն, որ նրանք խաբելու են, բայց իրենց վախերը, չհակաճառելու վախկոտությունը փորձում են արդարացնել նրանով, որ հավատում են, թե խաղաղության դարաշրջան է լինելու»:
Արմեն Բաղդասարյանը պարզաբանեց նաև, թե ինչու իշխանություններն իրենց տեղը չեն զիջում մարդկանց, որոնք չեն վախենում. «Այս իշխանությունները երբեք, որևէ պարագայում ինքնակամ չեն զիջի իշխանությունը, եթե անգամ դրա համար ստիպված լինեն Հայաստանի տարածքի 2/3-ը տալ, որովհետև իրենք այս իշխանությունը ընկալում են՝ որպես ընդամենը վայելքների և բարեկեցության աղբյուր՝ առանց որևէ պատասխանատվության, որովհետև իրենք համարում են, որ եթե ստացել են, իրենց ասած՝ պողպատե մանդատը, ուրեմն՝ ինչ ուզեն՝ կարող են անել: Սա պայմանականորեն կարելի է անվանել, օրինակ՝ Բալի կղզու հոգեբանություն, այսինքն՝ ընդամենը վայելել իշխանության տված հնարավորությունները՝ առանց որևէ պատասխանատվության, և ցանկացած հարցում պատասխանատվությունը բարդել կա՛մ նախկինների վրա, կա՛մ թշնամու վրա, կա՛մ դաշնակիցների վրա, կա՛մ ժողովրդի վրա, մի խոսքով՝ մեղքը բարդել ում վրա ասես, բացի իրենցից»:
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ հասարակության արձագանքն այս ամենին միայն խոհանոցներում է կամ սոցցանցերում. «Ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս, որովհետև խնդիրը նախ կազմակերպչական հարցերն են, հասարակությունը հստակ չի տեսնում այն ուժին, որի շուրջ պետք է համախմբվի՝ փողոց դուրս գալով, որովհետև փողոց դուրս գալն ինքնանպատակ լինել չի կարող: Երկրորդ՝ չի տեսնում այն ճանապարհը, որով պետք է գնա փողոց դուրս գալուց և այս իշխանություններին հեռացնելուց հետո: Այդ ճանապարհը քանի որ հստակ չէ, առայժմ այդ ըմբոստությունը, դժգոհությունը խմորվում է, բայց ոչ փողոցում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում