Հանրապետությունում մոլեգնում են բնակարանային գողությունները. զգուշացում, հորդոր ու կոչ՝ ՀՀ քաղաքացիներին
Վերջին ժամանակներում երկրում քրեածին վիճակը նոր ռեկորդներ է սահմանում: Սպանությունները, սպանության փորձերը, ավազակային հարձակումները, կողոպուտները, գողություններն ու բնակարանային գողությունները սովորական բան են դարձել մեր կյանքում: Հատկապես բնակարանային գողություններն այնքան են շատացել, որ երևի թե երկրում դժվար է գտնել մեկի, ում շրջապատում չկան բնակարանային գողության զոհեր:
Օրերս նման մի դեպք տեղի ունեցավ Արմավիրի մարզի Գայ գյուղում: Տանտերերը իրենց տան երեխայի մեկամյակի խնջույքի արարողությանն են մասնակցելիս եղել, տանից դուրս են եկել 17:00-ի սահմաններում, վերադարձել կեսգիշերին մոտ ու տունը գտել են տակնուվրա արած, տան ողջ ոսկեղենը, առկա գումարը թալանած. թե էլ ինչեր են տարել հանցավոր խմբի անդամները, տանտերերն այս պահին նույնիսկ չեն էլ մտաբերում: Տեղի ունեցածի շոկն ու տակնուվրա արված լի տան գործոնը թույլ չի տալիս, որ տանտերերը ամբողջովին հասկանան՝ ինչ են կորցրել ողջ ծավալով: Այս պահին նույնիսկ չենք խոսում գույքային վնասների մասին՝ վնասված պատուհան, և այլն:
Հարուցված է քրեական գործ, ու միայն ժամանակը ցույց կտա՝ կբացահայտվի՞ այդ հանցագործությունը, թե՞ ոչ, կամ ե՞րբ կբացահայտվի:
Ի պատիվ ոստիկանության՝ պետք է նշել, որ վերոնշյալ դեպքով, բացի շատ արագ արագանքելուց, ոստիկանները նաև հետևողական են այն բացահայտելու հարցում, ընտանիքի անդամների հետ մշտական կապի մեջ լինելով՝ ցանկացած տվյալ արագ փորձում են օգտագործել հանցագործությունը բացահայտելու համար:
Ի դեպ, հենց երեկ գողության նմանատիպ դեպք էլ եղել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում՝ համանման սցենարով: Տանտերերը կրկին միջոցառման են մասնակցելիս եղել, իսկ վերադարձին իրենց ընտանիքին պատկանող խանութը գտել են թալանված:
Առհասարակ մարզերում, գյուղերում թալանվող ապրանքի միջև առանձնապես խտրություն չեն դնում, տանում են այն ամենը, ինչ ընկնում է ձեռքների տակ, և ինչը փոքրիշատե արժեքավոր է՝ ջրի, հորի պոմպեր, հոսանքի լարեր, երկաթյա արմատուրաներ, այլ կոնստրուկցիաներ:
Այս դեպքը ոչ առաջինն է, ոչ միակը, և այս համատեքստում, հաշվի առնելով այլ քաղաքացիների ահազանգերը, 168.am-ը ոստիկանություն հարցում էր կատարել՝ խնդրելով տրամադրել սեպտեմբեր-փետրվար ամիսների բնակարանային գողությունների վիճակագրությունը՝ ըստ մարզերի և Երևան քաղաքի, ինչպես նաև դրանց բացահայտման ցուցանիշները: Ոստիկանությունից արագ արձագանքեցին մեր հարցմանը: Պատկերը, մեղմ ասած, ուրախալիներից չէ:
Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների՝ տոկոսային արտահայտությամբ ՀՀ մարզերում և Երևանում բնակարանային գողությունների պատկերը հետևյալն է՝
Երևան – 31%
Արագածոտնի մարզ – 22 %
Արարատի մարզ – 82 %
Արմավիրի մարզ – 126 % (այս թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրանցված 23 դեպքի համեմատ նախորդ 6 ամսվա կտրվածքով մարզում բացահայտվել է 29 հանցագործություն, այսինքն՝ դրանից առաջ գրանցված բնակարանային գողությունների դեպքեր նույնպես այս հատվածում են բացահայտվել):
Գեղարքունիքի մարզ – 100 %
Լոռու մարզ – 31 %
Կոտայքի մարզ – 51 %
Շիրակի մարզ – 33 %
Սյունիքի մարզ – 8 %
Վայոց Ձորի մարզ – 50 %
Տավուշի մարզ – 92 %
Նախ շատ ծայրահեղացված է գրանցված բնակարանային գողությունների թվային մակարդակը, և այստեղ ոստիկանությունն անելիք ունի: Ոստիկանության ղեկավարության համար մտահոգիչ պետք է լինի այն հանգամանքը, որ մի մարզում կարող է նկատելիորեն քիչ գրանցված հանցագործություններ լինեն, մյուսում՝ ակնհայտորեն շատ: Որպեսզի հարցեր չառաջանան, նշենք, որ հաշվի ենք առել մարզի տարածքը, բնակչության խտությունը և այլ տվյալներ, որոնք կարող են նշանակություն ունենալ թվային ցուցանիշների ամփոփման ժամանակ:
Սա նշանակում է՝ կամ ոստիկանությունը որոշ մարզերում և Երևանի վարչական շրջաններում լավ չի աշխատում, կամ հանցագործության դեպքերը թաքցվում են՝ ինչ-ինչ շահերից ու նկատառումներից ելնելով:
Բացի դրանից, մտահոգիչ է բացահայտումների մակարդակը: Ընդհանուր առմամբ ողջ ՀՀ կտրվածքով բացահայտված են կատարված բնակարանային հանցագործությունների կեսից քիչ դեպքերը՝ ընդամենը 44 %:
Ի դեպ, Լոռու մարզում բնակվող մեր համաքաղաքացիներից պատմել են, որ բնակարանային գողությունների մեծ մասը տեղի է ունենում ոստիկանության որոշ աշխատակիցների «հովանու» ներքո: Ընդ որում, դրանում ներգրավված են նաև ռեստորանային համալիրների, սննդի օբյեկտների աշխատակիցներ, որոնք տեղեկություն են փոխանցում հանցավոր այդ խմբերին: Այս հանցավոր շղթաներից որոշներին մենք մի քանի մարզերի օրինակով առաջիկայում կանդրադառնանք:
Մեզ մնում է ազգաբնակչությանը կոչ անել, խորհուրդ տալ, հորդորել, որ իրենք մտածեն իրենց ունեցվածքը պահպանելու մասին: Միջոցառումների մասնակցելիս, տանից երկար ժամանակով բացակայելիս ձեզ հետ վերցրեք ձեր տանը եղած ոսկեղենը, այլ թանկարժեք զարդերը, գումարը, փաստաթղթերը: Այդպես գոնե հույս կունենաք քիչ կորուստներով դուրս գալ բնակարային գողության դեպքում:
Հ.Գ. Հատկանշական են նաև ոստիկանների անգործության ցցուն օրինակներն ու դրանց պատճառները: Մասնավորապես, Արմավիրի մարզի Գայ գյուղի ընտանիքի անդամներից մեկի՝ հեռախոսի գողության ամիսներ առաջ՝ օգոստոսին կատարված դեպքը Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում կամ չեն ուզում բացահայտել, և սա այն դեպքում, երբ տուժողը հնարավոր բոլոր տվյալները հանցագործի՝ ով լինելու վերաբերյալ, տեսանյութերը տրամադրել է նախ ոստիկաններին, ապա քննիչին: