Բաժիններ՝

Ռուս–ուկրաինական պատերազմը և Հայաստանի տնտեսության մարտահրավերները

Առեւտրային բանկերում, վերջին օրերին արտարժույթի մասնավորապես՝ դոլարի եւ եվրոյի կանխիկացման միջնորդավճարը 0.4 տոկոսից դարձել է 3-4 տոկոս։ Ի՞նչն է պատճառը, եւ արդյոք ԿԲ-ն անելիք ունի՞ այստեղ։ Պետք է նշել, որ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը գործում են մրցակցային միջավայրում և իրենց հաճախորդների սպասարկման սակագները սահմանում են ինքնուրույն։ Ստեղծված իրավիճակի մասին տնտեսագետ, Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի և «Էսխատա» բանկի տնօրենների խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը նշում է երեք հիմնական պատճառ.

Առաջին՝ բանկերն այդ ծառայությունը թանկացրել են, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով դժվարացել է արտասահմանից թղթադրամի ներկրումը, թանկացել են դրա տեղափոխման հետ կապված ապահովագրավճարները։

Երկրորդ՝ արտերկրի գործընկեր կողմից իրականացվում է կանխիկի արտահանման սահմանափակում, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկայում առկա բացասական սպասումներով։

Երրորդ՝ կանխիկ արտարժույթի նկատմամբ Հայաստանում եւ տարածաշրջանում առկա է պահանջարկի որոշակի բարձրացում։

Նրա խոսքով՝ կան սակագներ, որոնք սահմանվում են ոչ միայն պայմանագրով. երբեմն բանկերը միակողմանիորեն կարող են փոփոխել՝ նախապես ծանուցելով հաճախորդներին։ Սակագները վարկի տոկոսի պես կարող են և՛ բարձրանալ, և՛ իջնել։

Ստեղծված իրավիճակում հայաստանյան ֆինանսական շուկայի հնարավոր խնդիրների վերաբերյալ Աշոտ Օսիպյանը կարծում է, որ թեև ռուբլու մեծածավալ ներհոսքը և դոլարի արտահոսքը բացասական ազդեցություն ունեն շուկայի վրա, սակայն ֆինանսական կայունության վրա չի ազդի՝ հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի և առևտրային բանկերի կողմից ճգնաժամերի կառավարման փորձը։ Հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանի ֆինանսական համակարգը բախվել է տարբեր ճգնաժամերի և պատվով հաղթահարել դրանք։

Ա․ Օսիպյանը մատնանշեց ներկա իրավիճակում հայաստանյան տնտեսությանը սպառնացող ազդեցությունները։ Առաջինը նա մատնանշեց Ռուսաստանից Հայաստան մտնող դրամական հոսքերի կրճատումը, որոնք տարբեր գնահատականներով տրանսֆերտների կառուցվածքում կազմում էին 40-50 տոկոս։ «Տրանսֆերտների կրճատման արդյունքում կունենանք փոխարժեքի փոփոխություն` ազգային դրամի արժեզրկում և ներքին համախառն պահանջարկի կրճատում։

Բացասական ազդեցություններից նշվեց նաև գնաճային ճնշումների ուժեղացումը։ «Հաշվի առնելով դրամի արժեզրկումը, ինչպես նաև ներկրվող ապրանքների, այդ թվում նաև վառելիքի ծավալների կրճատումն ու թանկացումը, մինչև պատերազմն առկա գնաճային ճնշումներն ավելի կուժեղանան»,- կարծում է Ա․ Օսիպյանը։

Իսկ երրորդ ազդեցությունն, ըստ նրա՝ դեպի Ռուսաստան արտահանող ընկերությունների վիճակի վատթարացումն է՝ կապված ռուբլու արժեզրկման հետ։

Աշոտ Օսիպյանն անդրադարձավ նաև բանկային համակարգին սպառնացող ռիսկերին։ Ազգային արժույթի արժեզրկումը, արտահանող ընկերությունների վիճակի վատթարացումը կբերի վարկային ռիսկի ավելացման։ Առաջին հերթին կվատանան մանրածախ և արտարժույթով արտահայտված կորպորատիվ վարկերի պորտֆելները։

Երկրորդը, հաշվի առնելով այն, որ սովորաբար ճգնաժամերի ժամանակ միջբանկային վարկային շուկաները փակվում են և տեղի է ունենում ավանդների «փախուստ», սպասվում է իրացվելիության ռիսկի բարձրացում։

Երրորդ ռիսկը, որն առանձնացնում է բանկային ոլորտի մասնագետը, գործառնական ռիսկն է։ «Նման ճգնաժամային իրավիճակներում ավանդաբար ավելանում են գործառնական ռիսկերը, խաբեբայությունները, կեղծիքները և բարդ իրավիճակի պատճառով աշխատակիցների հնարավոր սխալները, որոնք բերում են կորուստների։ Գործառնական ռիսկերի մեջ ես դիտարկում եմ նաև «կիբեռ» ռիսկը»,-ասում է նա։

Ա․ Օսիպյանի խոսքով՝ ճգնաժամային իրավիճակում պահանջարկը «ուժեղ» արժույթների նկատմամբ ավելանում է, քանի որ դրանք դիտարկվում են որպես խնայողությունների պահպանման ապահով միջոց։

Նրա համոզմամբ, ռիսկերը կառավարելու համար, այն բանկերը, որոնք չունեն դոլարային NOSTRO թղթակցային հաշիվներ պետք է կատարեն իրենց բանկի բիզնես մոդելի փոփոխություն։

Բացի վերը նշված խնդիրներից, այս օրերին մենք նոր իրողությունների առջև ենք կանգնած․ շարունակվող պատերազմի հետևանքով Ռուսաստանից և Ուկրաինայից բիզնեսներ են տեղափոխվում Հայաստան, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող։ Իսկ ինչպե՞ս է դրան վերաբերվում տնտեսագետը և արդյո՞ք Հայաստանը կկարողանա երկարաժամկետ շահավետ հանգրվան լինել նրանց համար։ Ա. Օսիպյանը դա դրական է համարում և կարծում, որ այստեղ պետական կարգավորման կարիք կա։ Պետք է այնպես անել, որ Հայաստանը դառնա նպաստավոր վայր բիզնես իրականացնելու համար։ «Բիզնեսը բոլոր բարդ իրավիճակներում կամ վտանգների ժամանակ փնտրում է «ապահով նավահանգիստ», և մեր կառավարությունը պետք է կարողանա տարբեր միջոցառումներով այն ապահովել։ Դա շատ արդիական է IT ընկերությունների համար, որոնք շատ ավելի հեշտ են կարողանում մի երկրից մյուս երկիր տեղափոխվել»։

Իսկ, ընդհանուր առմամբ, ճգնաժամի ազդեցության ծավալներն ըստ Օսիպյանի՝ ավելի տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Նրա, կանխատեսմամբ՝ պատերազմի հետևանքով տեղի կունենան շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք մեծապես կազդեն համաշխարհային տնտեսության վրա։ «Բոլոր երկրների ՀՆԱ-ի աճը շատ փոքր կլինի, ԵՄ երկրների համար այն մոտ կլինի 0-ի, ԵՄ մասնավոր ընկերությունները 2022-ը փակեն վնասով»։

Ա․ Օսիպյանը կարծում է, որ մոտակա ժամանակներում ականատես կլինենք Ռուսաստան, Չինաստան և Իրան նոր համագործակցության, իսկ ԱՄՆ- Իրան համագործակցությունը, ինչի մասին շատ ակտիվորեն խոսվում է, տնտեսագետը քիչ հավանական է համարում։

ejc.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս