Վերաքննիչում Տոնոյանը հայտարարել է՝ հրթիռների ձեռքբերման որոշումը ճիշտ էր, շարժառիթը՝ պետական շահը
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Վերաքննիչ քրեական դատարանում օրերս տեղի ունեցած նիստի ժամանակ, վիճարկելով հիմնավոր կասկածի առկայությունը և իրեն մեղսագրվող արարքները, անդրադարձել է հրթիռների ձեռքբերման իր որոշմանը: Տոնոյանը հայտարարել է՝ ճիշտ որոշում է կայացրել այդ հրթիռների ձեռքբերման առումով, դրանում որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, միակ շարժառիթը եղել է պետական շահը: Այն է՝ ՀՀ ԶՈՒ գրոհային կարողությունները ապահովելը և դրանց ավելացումն ու զարգացումը:
168.am-ը գրել էր, որ Դավիթ Տոնոյանն ունեցել է նաև գրոհային ստորաբաժանումներ ունենալու և զարգացնելու տեսլական: Մեր տեղեկություններով՝ Արտակ Դավթյանը դեմ է եղել Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականին:
Հավելենք, որ մարտի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավոն) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը և 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել, իսկ մյուս ամբաստանյալների մասով բողոքները՝ մերժել, այդ թվում՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական թիմի: