Բաժիններ՝

«Շնորհակալ եմ». Դավիթ և Արմինե Ամալյանների հեղինակային երգի երեկո Գերմանիայի մի շարք քաղաքներում

Մայիսի 6-ին Բեռլինում Դավիթ և Արմինե Ամալյանները  հեղինակային երգերի կատարմամբ առաջին անգամ հանդես կգան հայ հանդիսատեսի համար: Երգերը կատարվելու են հայ պոեզիայի ուղեկցությամբ։

«Շնորհակալ եմ» խորագրով համերգի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքների շուրջ 168.am-ը զրուցել է համերգի պրոդյուսերներ Էրիկ Բարսեղյանի և Արտակ Կիրակոսյանի հետ։

– Դավիթ Ամալյանի մենահամերգը Գերմանիայում կազմակերպելու նախաձեռնությունն ո՞ւմն է, այն մեկ օր է լինելո՞ւ, թե՞ մի քանի օրվա ծրագիր է նախատեսված։

Էրիկ Բարսեղյան- Դավիթ Ամալյանի համերգը Գերմանիայում կազմակերպելու մտահղացման հեղինակը Հայ-գերմանական մշակույթի կենտրոնն է։ Երգիչն ու իր ստեղծագործական խումբը պատրաստվում էր եվրոպական շրջագայության, կենտրոնի տնօրեն Արտակ Կիրակոսյանի կողմից եղավ առաջարկ Ամալյանին՝ այդ նույն համերգային ծրագրով հանդես գալ նաև գերմանահայ հանդիսատեսի համար, ինչին ի պատասխան՝ արտիստը դրական արձագանքեց, և մենք սկսեցինք կազմակերպչական աշխատանքները։

Սկզբում մտածում էինք միայն Բեռլինում իրականացնելու մասին, սակայն, տեսնելով հանդիսատեսի արձագանքը նաև Գերմանիայի այլ քաղաքներից, որոշեցինք նույն ծրագիրն իրականացնել նաև Աշաֆֆենբուրգ և Մյունխեն քաղաքներում, որպեսզի այդ և շրջակա քաղաքներից ավելի շատ մարդ հնարավորություն ունենա ներկա լինել Դավիթ Ամալյանի համերգին։ Այդպիսով՝ որոշվեց համերգաշրջանի ժամանակացույցը. մայիսի 6-ին՝ Բեռլին, 7-ին՝ Մյունխեն, 8-ին՝ Աշաֆֆենբուրգ քաղաքներում։ Համերգին՝ բացի Դավիթ և Արմինե Ամալյաններից, կմասնակցեն Մարինա Հովհաննիսյանը և Հայկ Նավասարդյանը պոեզիայով և  դաշնամուրային կատարումներով։

Արտակ Կիրակոսյան– Դավիթ Ամալյանի Եվրոպայում հյուրախաղերի ընդհանուր գաղափարը Մարինա Հովհաննիսյանինն է, իսկ կոնկրետ Գերմանիայի գաղափարը ծնվեց հենց իմ և Դավիթի հեռախոսազրույցի ժամանակ: Սկզբում միայն Բեռլին քաղաքում էինք ելույթ նախատեսել, սակայն մի քանի այլ քաղաքների համայՆքապետերի հետ խոսելուց հետո որոշվեց 3 քաղաքներում (Բեռլին,Մյունխեն, Աշաֆֆենբուրգ) իրականացնել համերգներ: Բեռլինում կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներով զբաղվում ենք ես և Էրիկ Բարսեղյանը։

Դե, իսկ Մյունխենում և Աշաֆֆեբուրգում տվյալ համայնքի ներկայացուցիչներն են հիմնական աշխատանքն անելու:

– Ի՞նչ սպասելիքներ կան մենահամերգից, այն միայն հայ հանդիսատեսի համա՞ր է նախատեսված, թե՞ կլինի նաև գերմանացի հանդիսատես։

Էրիկ Բարսեղյան- Մեծ հաշվով, մեր ակնկալիքը՝ որպես կազմակերպիչներ, Հայաստանից դուրս բնակվող հայերի կյանքը ևս մեկ հայկական մշակույթի օրով հարստացնելն է։ Հայաստանից դուրս հայի ինքնության պահպանումը օդի և ջրի նման կարևոր նշանակություն ունի։ Այս առումով Դավիթ Ամալյանն այն արտիստն է, որի երգերը հանդիսատեսին Հայրենիքի նետ կապելու մոգական ուժ ունեն։ Կարծում եմ, հատկապես մեր օրերում այս կապն անհրաժեշտություն է։ Հետևաբար՝ հայապահպանության խնդիրն ընկած է Հայ-գերմանական մշակույթի կենտրոնի գործունեության գաղափարային հիմքում և ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մենք փորձում ենք մեր համայնքում ապրող հայ երիտասարդներին, հատկապես՝ նրանց, ովքեր Գերմանիայում են ծնվել, հնարավոր ամեն ինչով ծանոթացնել հայոց մշակույթին։ Եվ այս առումով նմանօրինակ նախագծերը լինելու են շարունակական։ Համերգն իրականացվում է նախևառաջ՝ հայ հանդիսատեսի համար, բայց անշուշտ, հյուրերի շարքում կան ոչ միայն գերմանացիներ, այլ նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։ Բեռլինը բազմամշակութային քաղաք է։ Այս առումով մենք մեր առաքելությունն ենք համարում հայ մշակույթի հետ ծանոթացնել նաև այլ ազգերի ներկայացուցիչներին՝ լինեն նրանք մշակութային, հասարակական, թե քաղաքական գործիչներ։

– Իսկ ընդհանրապես ինչո՞վ է զբաղվում Հայ-գերմանական մշակույթի կենտրոնը։

– Այստեղ իրականացվում են հայոց լեզվի, հայ ժողովրդական պարերի, երգի, խոսքի կուլտուրայի, դաշնամուրի դասընթացներ։ Գործում է թատերական ստուդիա, ունենք նախադպրոցական տարիքի երեխաների համար խմբակներ։ Մեկնարկել է երաժշտական նվագախմբի ստեղծման գործընթացը։ Համագործակցում ենք մշակութային այլ կառույցների հետ։ Հայաստանից դուրս ստեղծել ենք փոքրիկ Հայաստան, որպեսզի մեր սերունդներին բազմամշակութային այս երկրում պահենք հայոց արմատին հաստատ կանգնած։ Եվ, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, դա մեզ հաջողվում է։

Արտակ Կիրակոսյան- Մեր սպասելիքը մեր սիրելի արտիստներին դրական էներգիա փոխանցելն է, հանդիսատեսի ակտիվ մասնակցությունը և ջերմ ընդունելությունը, անմոռանալի երեկոն և տպավորիչ պահերը: Միանշանակ լինելու են թե՛ գերմանացի, և թե՛ այլ ազգի (ռուս, իրանցի և այլն…) հյուրեր։

Հավատացեք, արձագանքներն անասելի շատ են, քանի որ Դավիթ Ամալյանի երգարվեստը շատ գնահատողներ կան, էլ չասեմ իրեն՝ որպես մարդ, ընկեր, հայր և առհասարակ որպես հայրենասեր հայ ճանաչողների հսկա բանակը…

– Ինչո՞ւ եք մենահամերգի համար ընտրել հենց «Շնորհակալ եմ» խորագիրը, այն ո՞ւմ է ուղղված։

Էրիկ Բարսեղյան- Այս հարցի շուրջ խոսել ենք նաև նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ, պատասխանը, ըստ էության, նույնն է։ «Շնորհակալ եմ» խորագիրը վերցված է Ամալյանի նույնանուն երգից, որտեղ Դավիթ Ամալյանը շնորհակալություն է հայտնում բոլորին և հատկապես՝ հայրենիքի պաշտպանական մարտերում վեր խոյացած տղերքին։ Իսկ մենք «Շնորհակալ եմ» խոսքերը մեր և ամբողջ հանդիսատեսի անունից ուղղում ենք Դավիթ և Արմինե Ամալյաններին և բոլոր այն ծնողներին, որոնք ամենաթանկը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն վաղվա պայծառ օրվա, որին պարտավոր ենք հավատալ բոլորս։

Արտակ Կիրակոսյան- «Շնորհակալ եմ» երգն իր մեջ հսկայածավալ ասելիք ունի, և այս դեպքում մենք հենց այդ ծանրակշիռ բառն ենք ընտրել, որով այ, իմ ասած՝ անծայրածիր երախտապարտ ենք, պարտական ենք և խոնարհվում ենք Ամալյան ընտանիքի առաջ, ինչպես նաև բոլոր ընկած հերոսների շիրիմների և նրանց ծնողների առաջ: Աստված օրհնի, պահի, պահպանի մեր Հայրենիքը և մեր հայոց ազգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս