Ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը լարվածությամբ. մեկնաբանում է ռուս վերլուծաբանը
Ուկրաինայի շուրջ ծավալվող դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Բաքուն ընդլայնում է ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Այս ամենը համընկնում է՝ ինչպես Ուկրաինայում ծավալված պատերազմական գործողություններին, այնպես էլ՝ դրանով պայմանավորված միջազգային դիվանագիտական բազմակողմ ու բազմամակարդակ շփումներին:
Երկար փորձերից հետո միջնորդական առաքելություն է ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունների միջև, Թուրքիային հաջողվեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Չնայած հանդիպումը չի տվել որևէ առարկայական արդյունք, Թուրքիայի նախագահը հանդիպումը դիվանագիտական հաղթանակ է որակել նույն օրը երեկոյան՝ մարտի 10-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, Բայդենը գոհունակություն է հայտնել հակամարտության դիվանագիտական լուծմանն աջակցելու Թուրքիայի ջանքերից, ինչպես նաև տարածաշրջանի ղեկավարների հետ Թուրքիայի վերջին շփումներից հանուն խաղաղության և կայունության: Բացի այդ, երկու ղեկավարները քննարկել են երկկողմ կապերն ամրապնդելու հնարավորությունները:
Մարտի 10-ին Էրդողանն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ևս, քննարկումների առանցքում եղել է հիմնականում տարածաշրջանում ստեղծված հետհակամարտային իրավիճակը: 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Ալիևը քննարկել են՝
- Շուշիի հռչակագիրը,
- Հայաստան-Ադրբեջան հետհակամարտային կարգավորումը,
- Այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի կարևորությունը,
- Կարս-Նախիջևան երկաթուղին,
- Հայ-թուրքական շփումները,
- Հայաստանի կողմից հետպատերազմյան հայտարարությունների իրագործումը,
- Թուրք-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը՝ Հարավային գազային միջանցքով գազի մատակարարման ծավալների մեծացումը դեպի Թուրքիա, ապա՝ Եվրոպա,
- Իգդիր-Նախիջևան գազամուղի կառուցումը,
- Երկկողմ հարաբերությունները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում,
- Իրավիճակն Ուկրաինայում ու հակամարտությունը կարգավորելու թուրք-ադրբեջանական ջանքերը:
Այս օրերին հայկական կողմը ևս ակտիվ շփումների մեջ է: Նախօրեին Անթալիայում տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հանդիպում, մարտի 9-ին Փարիզում՝ Փաշինյան-Մակրոն, Փաշինյան-Միշել հանդիպումներ, սպասվում է նաև Փաշինյանի այցը Մոսկվա՝ Պուտինի հրավերով:
Միրզոյան-Լավրով հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի նախապատրաստումը, ինչպես նաև դիվանագիտական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված մի շարք այլ միջոցառումներ։ Անթալիայում Լավրովը հանդիպել էր նաև Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ:
Ի դեպ, այսօր Մոսկվայում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով պատրաստվում է բանակցությունների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մեկնաբանելով տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, թե ավելորդ է նույնիսկ նշել, որ աշխարհը մտել է դինամիկ, անընդհատ փոփոխությունների, վերափոխումների, քաղաքական վերանայումների, վերադիրքավորումների փուլ:
Այս փուլը, քաղաքագետի կանխատեսումների համաձայն, դեռ կերկարաձգվի, քանի որ երկարաձգվում են քաղաքական, ռազմական գործընթացները, նոր որոշումներ են կայացվում, որոնց տրամաբանությունը դա է ենթադրում:
«Թուրքիան, ինչպես միշտ, հետաքրքիր է գործում, փորձում է կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, զուգահեռաբար՝ ավելի սուր դիքրավորվելով Ռուսաստանի հանդեպ, թեև բովանդակային առումով դա ոչինչ չի նշանակում: Սակայն Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին որոշ ծառայություններ մատուցել և հարաբերություններում դրական ֆոն ստեղծել, ինչը վերացած է: Վստահություն չունեմ, որ կոնկրետ Թուրքիայի միջնորդությունը որևէ արդյունքի կհանգեցնի, այդ միջնորդության հայտն ի սկզբանե Ռուսաստանը չի ընդունել, սա դիտարկվել է՝ որպես հարց Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այս հարցում դեր ունի նաև Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Սակայն Արևմուտքն այնուամենայնիվ տեսնում է Թուրքիայի համար նման դեր և նույնիսկ ավելի հավակնոտ, քանի որ խոսք եղավ այն մասին, որ Թուրքիան կարող է լինել այն երկրների շարքում, որոնք երաշխիքներ տան Ուկրաինային: Սա պատահական կոնֆիգուրացիա չէ, թեև Մոսկվան փորձում է այն անտեսել: Իսկ այս միջնորդության արդյունավետության հարցում կասկածներ ունեմ, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփման եզրեր չկան այս պահին»,- նշեց Լուկիանովը:
Նրա խոսքով՝ այս համատարած անկայունության փուլում կարող են գլուխ բարձրացնել բոլոր խնդիրները, չլուծված հարցերը, որոնցից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է ու պատերազմից հետո մնացած մի քանի թեմաները:
Ըստ Լուկիանովի՝ դեռ անորոշ է թվում՝ ինչպես է Մոսկվան շարունակելու այս փուլում նույն ինտենսիվությամբ զբաղվել կողմերի միջև բանակցություններով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կամ սահմանազատման հարցի շուրջ, քանի որ դա բավականին մեծ դիվանագիտական ռեսուրս պահանջող գործընթաց է:
«Առաջին անգամ չէ, որ աշխարհում նման անկայուն փուլերում Ղարաբաղյան հակամարտությունն իր մասին հիշեցնում է, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ, անելիքներ, որոնք այս ամենի հետևանքով տուժում են: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ իրավիճակը վերահսկելի է, ռուս խաղաղապահները տեղում են, արձագանքում են միջադեպերին: Նախօրեի շփումների ընթացքում կարծես խոսք եղավ կայունության հաստատման մասին, լայնածավալ պատերազմ հնարավոր չէ, իսկ միջադեպեր, անկախ ուկրաինական զարգացումներից, պատահում էին և կպատահեին, քանի որ կողմերը մի շարք հարցերում չունեն վերջնական փոխըմբռնում: Իսկ Ադրբեջանը մտավախություն ունի, որ այս մեծ իրադարձությունների ընթացքում հարավկովկասյան բոլոր պայմանավորվածությունները կարող են անտեսվել:
Էրդողան-Ալիև հանդիպման բովանդակությունը ևս հիմնականում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ էր, ինչը նշանակում է, որ տարածաշրջանային «գիծը չի անջատվելու»: Սակայն, որքան էլ ՌԴ ռեսուրսն անսահմանափակ չէ, այս ընթացքում պահպանվել են շփումներ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, լինելու են բարձրաստիճան այցեր, որոնցով այս ռեգիոնում աշխատանքը կշարունակվի։ Ռուսաստանի համար ևս այստեղ բազմաթիվ հարցեր կան անընդհատ լուծելու, շփումների անհրաժեշտությունը կողմերի հետ մշտական բնույթ է կրում: Սակայն, ամփոփելով՝ նշեմ՝ ցանկացած անկայունությունից յուրաքանչյուր երկիր փորձում է յուրովի օգտվել, իր շահերն առաջ մղել»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը: