«Աղամանի և սիգարետի համար ոչ ոք չի պատրաստվում ոստիկանություն զանգել». Աշոտ Բարսեղյան
«Պոպուլիստական դրոշների վրա բարձրացված ցանկացած բարի նպատակ տանում է դժոխք. Հիմա այս մարդիկ հայտարարել են, որ իրենք աշխարհում առաջամարտիկներն են ծխի, աղի, հետագայում՝ նաև շաքարի և այլ վնասակար բաների: Հակածխախոտային օրենքն այս գործելաոճի վառ արտացոլումն է, թե ինչպես մի խումբ մարդիկ դրոշների վրա վերցրած հանրային առողջության գաղափարը, օրենքներ են ընդունում՝ երկիրը վերածելով տնտեսվարողների մի զանգվածի, որոնք առանց իրենց կամքի՝ մեղավոր են լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը:
«Մենք, անկախ մեր կամքից, խախտելու ենք հակածխախոտային օրենքը, QR կոդերի օրենքը, աղի մատուցման կանոնները, վաղը խախտելու ենք լիքը այլ կանոններ, որովհետև օրենքներն ընդունվում են այնպես, որ անիրագործելի են»,- ընդգծեց նա:
Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ տնտեսվարողը ոստիկան չէ և իր տարածքում ստուգողական կամ կանխարգելիչ ֆունկցիաներ չի կատարելու.
«Եթե խուլիգանական արարքներ են, կռիվ է, մենք կանչում ենք ոստիկանություն, բայց աղամանի և սիգարետի համար ոչ ոք չի պատրաստվում ոստիկանություն զանգել: Սա ինքնանպատակի վերածված պայքար է, երևի գրանտ են ստանում: Գիտենք, որ ԱՀԿ-ն տարատեսակ բաների համար գրանտ է տալիս, և մի խումբ մարդիկ կան, որ այս ամենն անում են՝ փոխնախարար Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Արսեն Թորոսյանի քավորությամբ: Առողջապահության ազգային ինստիտուտը, փոխնախարարը, մի քանի ՀԿ-ներ տնտեսական սխալ հաշվարկներ են անում, այս խումբը երևի գրանտ է ստանում»:
Նա նշեց, որ, այսպես կոչված, հակածխախոտային պայքարը լրիվ հակառակ էֆեկտ է ունենալու.
«Ի՞նչ են անում, ծխել չի կարելի, հակածխախոտային պայքար է, բայց մենք ծխախոտի և նարգիլեի ծուխը բրթում ենք դեպի տո՞ւն, տան սպառո՞ւմ ենք խրախուսում, որ մարդիկ տներում ծխե՞ն: Եվրոպայում նարգիլեի սպառումը 80 տոկոսով տնային տնտեսություններում է, 20 տոկոս ռեստորանային սպառումն է: Հայաստանում հիմա հակառակ պատկերն ունենք՝ 80 տոկոսը սպառվում է մասնագիտացված վայրերում, 20 տոկոսը՝ տան պայմաններում: Հիմա մենք գնալու ենք եվրոպական մոդելով՝ ունենալու ենք սպառում՝ տնային մոդելով, երեխաների մոտ, և չենք ունենալու ռեստորանային սպառում: Եթե սա է օրենքի նպատակը, ես շնորհավորում եմ, իրենք լուծեցին այդ հարցը»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, թե հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը, և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92.000 դրամ։
Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ՝ նման հաշվարկ անհնար է կատարել. «Ցանկացած հաշվարկ մանիպուլյատիվ է, սա մոտավորապես քերոբյանական հաշվարկ է, որը կեսկատակ-կեսհուսադրող բան է»:
Ըստ նրա՝ օրենքը ոչ թե ծխելու, այլ ծխողների դեմ է. «Եթե խոսեք հոգեբանների հետ, բոլորը մատնանշում են, որ սա մարդկանց ծխելուց հրաժարվել ստիպելու սխալ ճանապարհ է: Խանութների փակ դարակները կամ ռեստորանների արգելքը միգուցե նվազեցնում է ծխելը, բայց չի ստիպում մարդուն թարգել այն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում