«Հրադադարի խախտման մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ այն հանգամանքից, մե՞նք ունենք մեր մեղքի բաժինը, թե՞ հակառակորդը». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թշնամու կողմից իրականացվող սադրանքները, որոնք տեղի են ունենում Արցախում ու Հայաստանի  սահմաններին, պայմանավորում է աշխարհում տիրող անհանգստությամբ։

Նա առաջարկում է քննարկել ոչ թե թշնամու գործողությունները, այլ, օրինակ, քննարկել, թե ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանն իրեն այդպես չպահի։

«Կրակոցներ եղել են, պաշտոնական հաղորդագրությամբ տրվել է ականանետային կրակոցների մասին, մարտի 7-ի գիշերը։ Դրանից ավելի որևէ գործողություն չի եղել, գիտենք, որ կրակոցներն ուղղված են եղել դպրոցի ուղղությամբ, և մեկ ական ընկել է մեր դիրքերի թիկունքային մասում։ Վիրավորներ, զոհեր չունենք։

Ինչ վերաբերում է  գազատարին, ապա այո, Լիսագորի հատվածում գազատարը վնասված է, և քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, նաև երաշխավորը Ռուսաստանն է, որը նաև զբաղված է անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլով, գուցե հակառակորդը դրանից օգտվելով, փորձում է որոշակի դժվարություններ առաջացնել նաև արցախյան հատվածում։ Ես չգիտեմ՝ ինչ են անում, բայց փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է, և, ամենայն հավանականությամբ, այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները, նկատի ունեմ՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։ Ենթադրում եմ՝ Արցախը ևս իր մասնակցությունը կունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Քոչարյանը՝ խոսելով Արցախում թշնամու սադրանքների մասին։

Ինչ վերաբերում է այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին», Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և բանակի վերազինմանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կառավարության ծրագրում առկա է այն կետը, ըստ որի՝ պետք է ստեղծվի այնպիսի բանակ, որը կարող է զսպել հակառակորդի սադրանքները։

«Սահմանային այսօրվա իրողությունները հետևյալն են, նախկինում էլ կար, և ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ կա հրադադարի հստակ պայմանավորվածություններ։ Ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, և մեղավորները պետք է պատժվեն, անկախ այն հանգամանքից՝ մե՞նք ունենք մեր մեղքի բաժինը, թե՞ հակառակորդը։ Մենք ունեցել ենք զոհ, գործ ունենք կորցրած կյանքի հետ, բնականաբար…

Խաղաղությունից միշտ պետք է խոսենք, և դա չի նշանակում՝ զիջել բոլոր դիրքերը, այլ նշանակում է՝ հասնել այնպիսի խաղաղության, որպեսզի բացառվեն նման իրողությունները»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս