ԱՄՆ-ը դադարեցնում է ռուսական նավթագազային էներգիայի ներմուծումը. Բայդեն
Նախօրեից ԱՄՆ-ը արգելք է դրել ռուսական նավթագազային էներգիայի ողջ ներմուծման վրա: Արգելքը մասնավորապես տարածվում է ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա:
Ինչպես և ավելի վաղ ակնկալվում էր, երեքշաբթի օրն Ուկրաինայում ստեղծված իրավիճակին նվիրված Սպիտակ տանն ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է Ռուսաստանի տնտեսության գլխավոր ոլորտը։
«Մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի և էներգիայի ցանկացած ներկրում»,- ասաց Բայդենը:
Նրա խոսքով, թեև ամերիկացի ժողովուրդը կտուժի, այդ որոշումն ԱՄՆ-ում գին կունենա, բայց օրենսդիրները միասնական կարծիք ունեն այս հարցում, քանի որ ամերիկացին արդեն իսկ տուժում է գնաճից, որը նա որակել է՝ որպես «պուտինյան թանկացումներ»:
Բայդենի պարզաբանմամբ՝ իր որոշումը նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, որով Ամերիկայի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային:
«Ռուսական ագրեսիան թանկ է նստում բոլորի վրա։ Ուզում եմ հստակ ասել, թե ինչը չենք հանդուրժի»,- ասել է նա՝ կոչ անելով նաև տեղի աշխատողներին թանկացումների չդիմել, քանի որ իշխանությունը դա չի հանդուրժի:
«Ամերիկացիները միավորվել են ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար և ցույց տալու, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը։ Մենք այս որոշումն ընդունել ենք ամբողջ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետո»,- ասաց ԱՄՆ նախագահը՝ նաև փաստելով, որ գիտակցում են, որ եվրոպացի դաշնակիցները գուցե չկարողանան միանալ նման միջոցառումների ՌԴ-ի դեմ: