
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշեց, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Պետական եկամուտների կոմիտեն։
«Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, դա չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Հարցին՝ Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր հետևում են իրավիճակին։ «Դուք տեսնում եք, որ ամեն օր իրավիճակ է փոխվում, մենք պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային կողմին հետևելով՝ հայտարարելու ենք անելիքների մասին։ Պետական բյուջեի ծրագիրն է նախատեսում այն ապահովության բարձիկը, որը նախարարությունը պետք է օգտագործի համապատասխան իրավիճակներում։ Նախ, դա պահուստային ֆոնդն է, որը կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել է և օգտագործում է այնպիսի հարցերի կարգավորման համար, որոնք առաջանում են չկանխատեսված հանգամանքներում։ Մենք ընթացքից կներկայացնենք բոլոր այն անելիքները, որոնք Ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովեն համապատասխան որոշումներով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։