
Չինաստանը կոչ է արել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով

Չինաստանի կառավարությունը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային իրադրությունը կարգավորել երկխոսության միջոցով։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Ինչպես հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում Կուլեբան ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլից հետո առկա իրավիճակը՝ նշելով, որ պատերազմի դադարեցումն իրենց առաջնահերթությունն է, ուստի պաշտոնական Կիևը ցանկանում է շարունակել բանակցել:
Վան Ին նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը բաց է և թափանցիկ. չինական կողմը հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին: «Ի պատասխան առկա ճգնաժամի, Չինաստանը կոչ է անում Ուկրաինային ու Ռուսաստանին խնդրի լուծումը գտնել բանակցությունների միջոցով և աջակցել միջազգային բոլոր կառուցողական ջանքերին, որոնք ուղղված են խնդրի քաղաքական կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Վան ին հավելել է՝ Չինաստանի համոզմունքն է, որ մեկ երկրի անվտանգությունը չի կարող լինել ի հաշիվ մյուս երկրների անվտանգության, և տարածաշրջանային անվտանգություն չի կարող լինել ռազմական բլոկերի ընդլայնման միջոցով: