
Չենք պատրաստվում կատարել Ռուսաստանի ուլտիմատումները. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինան վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ ռաունդի համար, սակայն պատրաստ չէ կյանքի կոչել Կրեմլի ուլտիմատումները: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
«Նախագահն ամբողջությամբ, մինչև վերջին դետալը, տեղեկացված է երեկ տեղի ունեցած բանակցություններից: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը և այդ ժամանակ արդեն անհրաժեշտության դեպքում կպատրաստվենք նոր հանդիպման»,- «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ, ասել է Կուլեբան:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կարծում է, որ նման հանդիպումը պետք է տեղի ունենա, քանի որ Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Սակայն ոչ մի պարագայում մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրան ընթացքում իր ուլտիմատումները հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրել լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական ուլտիմատումները»,- ընդգծել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: