ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը զավթողական պատերազմ է որակել Ռուսաստանի գործողությունները
Կիևում բոլորովին այլ կերպ են որակում ռուսական զինված ուժերի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, այլ «սովորական զավթողական պատերազմ» է վարում Ուկրաինայի դեմ:
«Այսօր պատերազմի 6-րդ օրն է: Մենք դիմադրում ենք արդեն 122 ժամ: Մեր պաշտպանների շնորհիվ նոր ճակատներ են բացվում, թշնամին կորուստներ է կրում: Օկուպանտների բանակի ոչնչացմանը միացել է միջազգային ՏՏ հանրությունը, նույնիսկ ուկրաինացի դպրոցականներն են հարձակման անցել կիբերճակատում: Իսկ Ռուսաստանում հարյուր հազարավոր մարդիկ արդեն հասկացել են, որ իշխանությունն իրենց խաբում է, որ ոչ մի հատուկ գործողություն էլ չկա, սա սովորական զավթողական պատերազմ է, որում արդեն հազարավոր ռուսաստանցիներ են զոհվել», – ասաց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Դենիս Ավտոնոմովը մեղադրում է ռուսական զորքերին ուկրաինական քաղաքներն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Նրա խոսքով՝ այսօր առավոտյան ռուսական կողմից արձակված մարտավարական հրթիռն ընկել է Խարկով քաղաքի կենտրոնում:
«Դա քաղաքի կենտրոնն է, այնտեղ ռազմական որևէ օբյեկտ չկա, Խարկովի բնակելի շենքերը ռմբակոծվում են «Գրադն»-երով, դա ռազմական հանցագործություն է», – հայտարարեց ուկրաինացի դիվանագետը:
Դենիս Ավտոնոմովը նաև տվյալներ հաղորդեց լրագրողներին Ուկրաինայում ներկա օպերատիվ իրադրության վերաբերյալ՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին: Այդ տվյալներով՝ ռուսական կողմից վեց օրվա ընթացքում զոհվել է 5710 զինծառայող, 200 հոգի գերի է ընկել, ոչնչացվել է 29 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ, 128 տանկ, 846 ՀՄՄ, 77 հրետանային համակարգեր և այլն:
Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ծանր կորուստներ է կրում նաև տնտեսության ոլորտում, իսկ ռուսական արժույթը՝ ռուբլին, «վերածվում է սովորական թղթի»: