Ինչո՞ւ է ՀՀ ԱԺ պատվիրակությունը դեմ քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացվածությանը. Մանրամասնում է Էդուարդ Աղաջանյանը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ պատասխանեց հարցին, թե ՀՀ ԱԺ պատվիրակությունն ինչու է դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։
«Հայաստանը հանդես է գալիս հետևյալ դիրքերից: Կոնկրետ այդ քվեարկության համատեքստում, հաշվի առնելով, որ մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, և որպեսզի դիվանագիտական ճանապարհով այդ լուծումը տեղի ունենա, բնականաբար, այդ դիվանագիտական խողովակները պետք է առկա լինեն: Եվ որքան այդ դիվանագիտական խողովակները կտրվեն, հարցի դիվանագիտական հանգուցալուծման հավանականությունը նվազում է: Այս համատեքստում է, որ Հայաստանը դեմ է քվեարկել»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: Ըստ տարածված տեղեկությունների՝ Եվրախորհրդին Ռուսաստանի ներկայացվածության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, դեմ են քվեարկել Հայաստանն ու Ռուսաստանը, Թուրքիան ձեռնպահ է քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում