«Մեր դիրքորոշումը նույնն է, Վարդենիսի համայնքի ղեկավար նորից ընտրելու ենք Ահարոն Խաչատրյանին»․ Սաթենիկ Մինասյան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում մինչև մարտի 10-ը տեղի կունենա ավագանու նիստ, որի ժամանակ ավագանին կրկին համայնքի ղեկավար կընտրի։
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամ Սաթենիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստ է գումարվելու՝ հաշվի առնելով փետրվարի 2-ին դատարանի կայացրած որոշումը․
«Դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու թիվ 1 որոշումն անվավեր ճանաչեց, իսկ դա ենթադրում է, որ պետք է լինի նոր նիստ, որի ժամանակ էլ կընտրվի համայնքի նոր ղեկավար։ Քանի որ դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում 1 ամիս հետո, իսկ մարտի 2-ին լրանում է մեկ ամիսը, դատարանը ծանուցումներ կուղարկի բոլոր կողմերին, որ վճիռը չի բողոքարկվել և դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում։ Դրանից հետո Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը կհրավիրի նոր նիստ, որի ժամանակ ավագանին կրկին համայնքի ղեկավար կընտրի»։
Հարցին՝ արդյոք նիստի օրը նշանակելու վերաբերյալ տեղեկություններ ունե՞ն: Այսօր, օրինակ, շրջանառվում է մարտի 7-ին նիստ նշանակելու մասին լուրերը, Սաթենիկ Մինասյանը պատասխանեց․
«Երբ վճիռը մտնի ուժի մեջ, 3-5-օրյա ժամկետում դատարանը ծանուցում կուղարկի Վարդենիսի աշխատակազմին, օրենքն ասում է՝ վարչական դատարանի վճռի ուժի մեջ մտնելու հաջորդ աշխատանքային օրն է այդ նիստը գումարվում, երևի այս հաշվարկով է այդ օրը շրջանառվում»։
168.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին տարբեր սցենարներ է քննարկում, որպեսզի Վարդենիսում այս անգամ համայնքի ղեկավար ընտրվի իր թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը, ուստի ավագանու անդամին հարցրեցինք՝ ի՞նչ տեղեկություններ ունեն իրենք այս հարցի վերաբերյալ․
«ՔՊ-ականների մասով չգիտեմ, բայց մեզ տեղեկություններ են հասել, որ կոնկրետ Արամ Մելքոնյանը տարբեր տեղեր հայտարարում է, թե՝ չեմ թողնելու նիստ լինի, չի ասել, թե ինչ եղանակով, բայց խոչընդոտներ է ստեղծելու։ Ինքը հիմա էլ գնում-գալիս է քաղաքապետարան, չնայած համայնքի ղեկավարի աշխատասենյակի դուռը կնքված է, բայց գնալ-գալ կա, անընդհատ համայնքապետարանի էջով իր գովքն են անում․․․
Ուզում եմ մի բան ընդգծել, մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել, մեր դիրքորոշումը նույնն է, գնալու ենք այդ նիստին և նորից ընտրելու ենք Ահարոն Խաչատրյանին»։
168.am-ը կապ հաստատեց նաև Վարդենիս խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանի հետ, հարցրեցինք, թե ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու ավագանու նիստը, արդյոք նախապատրաստական աշխատանքներ կատարվո՞ւմ են այս պահին՝ ավագանու անդամներին հրավեր ուղարկե՞լ են, և այլն, սակայն հարցը լսելուց հետո մեր զրուցակիցը խնդրեց 30 րոպե անց զանգահարել։ Շուրջ 1 ժամ անց մեր զանգերը մնացին անպատասխան․․․։
Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարեց հայցադիմումը։