Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա ֆոնին Մոնտրյոյի կոնվենցիայի կիրառման վերաբերյալ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Մոնտրոյի կոնվենցիան ուժի մեջ պահելը բխում է բոլոր երկրների շահերից: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի խստորեն կատարել նեղուցների կարգավիճակի մասին կոնվենցիայի բոլոր պահանջները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան կշարունակի խստորեն պահպանել նեղուցների մասին կոնվենցիայի բոլոր պահանջները, ներառյալ այս փաստաթղթի 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերը»,- ասել է Աքարը լրագրողներին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ թուրք նախարարը նշել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը Թուրքիայի համար բարեկամ երկրներ են, որոնց հետ Անկարան դրական կապեր է զարգացնում։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում գործընթացներին։ Լրջորեն մտահոգված ենք կյանքերի կորստով: Թուրքիան հարգել և հարգում է բոլոր պետությունների ինքնիշխանությունը, սահմաններն ու ամբողջականությունը։ Մենք հույս ունենք շուտափույթ խաղաղության և խնդիրների դիվանագիտության միջոցներով կարգավորման»,-ասել է Աքարը։
Միաժամանակ նա նշել է, որ Անկարան չի ճանաչում ռուսական կողմի գործողությունները՝ կապված Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության հետ։
«Մենք տեսնում և խոսում ենք միջազգային իրավունքի նորմերին հակասող գործողությունների առկայության մասին։ Թուրքիան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել հումանիտար դրամայից դուրս գալու համար»,- ասել է նա։
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան ողջունում է ստեղծված իրավիճակից դուրս գալու դիվանագիտական և քաղաքական ցանկացած ջանք։
«Մոնտրյոյի կոնվենցիան հաջողությամբ գործում է երկար տարիներ՝ ի շահ ափամերձ բոլոր պետությունների: Ստատուս քվոն փոխելը և Կոնվենցիան անտեսելը օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին։ Թվում է, թե բոլոր կողմերը պետք է խստորեն պահպանեն այս փաստաթղթի պայմանները։ Թուրքիան հանդես է գալիս սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»,- պարզաբանել է նա: