Սոլովյովը հիշեցնում է Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի մասին. Ինչպե՞ս է Ուկրաինան օգտագործում 44-օրյա պատերազմում ՀՀ-ի տեղեկատվական  «գործիքները»

Փետրվարի 25-ին Ուկրաինայի տարածքում մեկնարկած Ռուսաստանի հատուկ ռազմաօպերացիային զուգահեռ՝ քննարկվում է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության տեղեկատվական բաղադրիչը:

Սովորաբար պատերազմական գործողությունների անորոշ փուլերում փորձագետները և հասարակական լայն շերտերը հետևում են այն տեղեկատվությանը, որը մատուցվում է՝ փորձելով ստանալ ռազմական իրավիճակի մասին հստակ տեղեկություններ:

Պատերազմը տեղեկատվական դաշտում սովորաբար համեմատվում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի կիրառած տեղեկատվական հնարքների ու գործիքների հետ:

«Հաղթելու ենք», «Հաղթել ենք» տրամաբանությամբ հաղորդագրություններ ու կոչեր այս օրերին առավելապես հանդիպում ենք ուկրաինական սոցցանցերում, պաշտոնական հաղորդագրություններում և լրատվական այլ նյութերում:

Այսօր թեման մասնակիորեն քննարկվեց նաև ռուս հեռուստահաղորդավար, արևմտյան պատժամիջոցների ցանկում հայտնված Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքի «Полный контакт» հաղորդաշարի հարցազրույցներից մեկում:

Վլադիմիր Սոլովյով-ռուս ռազմական վերլուծաբան Միխայիլ Խոդորյոնոկ հարցազրույցի ընթացքում ռուս ռազմագետը վերլուծեց  ռուսական ռազմաօպերացիայի զուտ ռազմական բաղադրիչը, հանգամանքը, որ այն չպետք է երկարաձգվի, որ յուրաքանչյուր օրը ռուսական կողմի օգտին չէ, որ Ռուսաստանն ավելի մեծ ուժեր պետք է ներքաշի իր առջև դրված խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար, քանի որ Արևմուտքը հսկայական ծավալներով ռազմամթերք է ուղարկում Ուկրաինա:

«Հակառակորդն ակտիվանում է, մեծանում է դիմադրությունը, Արևմուտքի կողմից ռազմական օգնությունը մեծանում է, այս հատուկ օպերացիայի արտաքին հետևանքները մեզ համար բացառապես անբարենպաստ են»,- նշեց Խոդորյոնոկը: Ռուս հեռուստահաղորդավար Սոլովյովի կարծիքով՝ ամեն ինչ որոշվում է ռազմադաշտում, որի ապացույցը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է:

Նրա գնահատմամբ՝ Ղարաբաղյան պատերազմի լուսաբանման շրջանակում հայկական մամուլն իրեն դրսևորում էր այնպես, ինչպես ուկրաինական մամուլը՝ ներկայումս:

«Ադրբեջանցիները շատ երկար ժամանակ լիակատար լռություն էին պահպանում»,- ասաց Սոլովյովը:

Խոդորյոնոկի արձագանքին, թե բոլորն են հիշում, որ ողջ ցանցը  ողողված էր  տեխնիկայի այս կամ այն տեսակի ոչնչացման ադրբեջանական հոլովակներով, Սոլովյովը պատասխանեց, որ ինքն առավելապես հիշում է այն հաղորդագրությունները, որոնք Հայաստանից էին գալիս:

Նա տեղեկացրեց, որ իրեն ուղարկել են մի ամբողջ ընտրանի, թե ընդհանրապես երբ ինչ եղավ:

«Ավելին՝ այնպիսի օրինակներ, ինչպես Հայաստանի վարչապետի կինը և իբրև թե Ուկրաինայի փոխնախագահի կինը, սակայն Ուկրաինայում չկա փոխնախագահ: Իսկ ահա Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը, որը ձևավորել էր «Էրատո» ջոկատը»,- նշեց Սոլովյովը:

Նա մեջբերեց նաև Արծրուն Հովհաննիսյանի՝ «Ալիև, բարի գալուստ դժոխք, փոխանցիր դա քո ահաբեկիչներին» խոսքերը, զուգահեռաբար ցուցադրելով Ուկրաինայից նմանատիպ հաղորդագրությունները՝ «Բարի գալուստ դժոխք» վերջաբանով:

«Այսինքն՝ մի շարք ուրվագծեր վերցված են, բայց ամեն դեպքում ամեն ինչ որոշվում է պատերազմի դաշտում»,- եզրափակեց Սոլովյովը՝ ակնարկելով, որ տեղեկատվական պատերազմը չունի որևէ նշանակություն:

Տեսանյութեր

Լրահոս