ՀՀ բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է
Ռուսական ռուբլին արևմտյան սահմանափակումների հետևանքով գահավիժում է: Հայաստանում Rate.am կայքի տվյալներով՝ ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30 դրամ: Նշենք՝ արդեն հայտարարվել է ռուսական մի շարք բանկերը SWIFT-ից անջատելու Արևմուտքի հերթական որոշման մասին:
Թեև ՀՀ Կենտրոնական բանկն օրեր առաջ 168.am-ին վստահեցրել էր, որ ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկաների զարգացումներին, մշտապես հաղորդակցվում է ֆինանսական շուկայի մասնակիցների հետ և տիրապետում է բոլոր հնարավորություններին ու գործիքներին Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովման համար, այդուհանդերձ, ռուբլու նման գահավիժումը հանրային լայն շրջանակներում լարված քննարկումներ է առաջ բերել:
Դրանք ամենևին էլ պատահական չեն՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասն ուղևորվում է ՌԴ, հետևաբար` հենց ՌԴ-ից են նաև հիմնական տրանսֆերտները. 2021 թ. Հայաստան դրամական փոխանցումների 41%-ը Ռուսաստանից է կատարվել:
ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից զերծ չի մնացել նաև VTB-ի հայաստանյան մասնաճյուղը: Կենտրոնական բանկն այսօր հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով․
«Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում»:
Ի դեպ, Վրաստանի Ազգային բանկը որոշել է ՎՏԲ բանկի վրացական մասնաճյուղին զրկել ֆիզիկական անձանց, վարկառուներին և ավանդապահներին սպասարկելու իրավունքից՝ ռուսական ֆինանսական կազմակերպությունների դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ ՎՏԲ վրաստանյան մասնաճյուղից տեղեկացրել էին՝ հաճախորդներին սպասարկելու է Բազիսբանկը: