«Ինքնուրույն լինելու դեպքում է, որ մեր աշխարհագրական տարածքում կարող ենք երկարատև խաղաղություն ունենալ»․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ-ը ասում է, որ երկու ճանապարհ կա, կամ ֆիզիկապես գնում են ռուսների հետ առճակատման, ինչը հանգեցնում է երրորդ համաշխարհայինի, կամ էլ այնպիսի վնասներ են տալիս, որ ռուսները զղջան իրենց արածի համար: Ընտրել են երկրորդ տարբերակը, քանի որ երրորդ համաշխարհային չեն ուզում:
Պատմականորեն գիտենք, որ ռուսը զղջացողը չէ, մինչև իրենց պատկերացրած վերջը «քյալլա» են տալու ու էական չի հորինած արդարության, թե իրական արդարության համար: Սանկցիաներին հակազդելու են սանկցիաներով:
Արդեն հայտարարվել են ՌԴ ֆինանսական հաստատությունների դեմ սանկցիաները: Հայտարարվել են առևտրային և թռիչքային սահմանափակումները:
Այս ամենը առաջին հերթին մեզ համար է մտահոգվելու առարկա: Պատճառը մեր ընտրած ճանապարհն է, այն է` լինել ռուսական կույրաղիքի կտոր: Այլընտրանքը ինքնուրույնությունն էր, բայց սա ուժեղի բան է, ոչ թե մեզ պես թույլի` թուլամորթ ղեկավարներով:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարատև և ցավոտ են լինելու: Մեր վիճակը սրանից շատ ավելի է վատանալու, ապրանքների գների էլ ավել բարձրացումն էլ անխուսափելի կլինի: Այս տխուրագույն սցենարի զարգացման պարագայում, մարդիկ, արդեն նաև նրանք, որ չէին ուզում գնալ երկրից, սկսելու են ավելի մեծ տեմպով արտագաղթել:
Էլ ինչ փորձանք պետք է գա մեր գլխին, որ սկսենք գիտակցել` վերանալուց փրկվելու ճանապարհը ինքնուրույնության միջով է:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, արդեն ութ տարի է, ինքնուրույն լինելու «քարոզ» եմ անում, բայց ապարդյուն է, ազգակիցներիս գերակշիռ մասը ուզում է ստրուկ լինել, մի մասը ռուսի, մյուս մասը անգլիացու, ամերիկացու կամ այլ տիրոջ:
Ինքնուրույն լինելու դեպքում է, որ մեր աշխարհագրական տարածքում կարող ենք երկարատև խաղաղություն ունենալ, նույնիսկ եթե հարևանները պատերազմեն: Իսկ սրա համար պետք է շատ ուժեղ լինել, ասյինքն պետք է աշխարհազոր և պրոֆեսիոնալ բանակ, պետք է արժեք ստեղծող տնտեսություն, այլ ոչ հանքահումքային այլանդակություն:
Վերոնշյալ վիճակին հասնելու համար ազգակենտրոն մտածողությամբ, գրագետ և ինքնուրույն մարդկանց առաջնորդություն է պետք, այլ ոչ ներկայի թյուրիմացությունը: Այո, նշածս մարդկանց խումբը հիմա չկա, քաղաքական դաշտը լի է մտավոր հետամնացներով և ստրուկներով, բայց գրածս ամեն դեպքում հնարավոր է: Հնարավոր է, որովհետև դրա մասին կա բարձրաձայնող և կան թեկուզ փոքրաթիվ մարդիկ, որ սա գիտակցում են: Հայաստանի գոյության ճանապարհը ինքնուրույն լինելն է, այլընտրանքը ներկան է` դանդաղ մահը»: