«Զելենսկին գնում է Փաշինյանի ճանապարհով». Աննա Կարապետյան

 «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար պարզ է, որ Ռուսաստանն այսօր չի պատրաստվում ինչ-որ դետալների շուրջ բանակցել Ուկրաինայի հետ, այլ ակնկալում է մեկընդմիշտ լուծել հարցը:

«Դրա մասին երեկ Մոսկվայից հայտարարվեց, որ չեն պատրաստվում հրադարարի պայմաններ քննարկել, չեն կարծում, թե Զելենսկին անկեղծ է, երբ չեզոքության մասին է խոսում, և եթե պատրաստ է Ուկրաինան վերջնական հրաժարվել դեպի ՆԱՏՕ նկրտումներից և համաձայնել իրենց պայմաններին, այդ դեպքում նստեն՝ բանակցեն: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտելու է առնվազն այս գործընթացի ավարտին հասնել նրան, որ թղթի վրա ամրագրված լինի, որ Ուկրաինան այլևս չի ձգտելու դեպի ՆԱՏՕ, չի ունենալու դեպի Արևմուտք նկրտումներ, չի բացառվում, որ նույնիսկ արձանագրվի դեպի Եվրասիական տարածաշրջան ինտեգրման որոշակի նկրտումների մասին»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչ վերաբերում է ուկրաինական կողմի ակնկալիքներին, ապա, ըստ Կարապետյանի՝ Ուկրաինան փորձում է գոնե ինչ-որ չափով պաշտպանել սեփական շահերը, գոնե ինչ-որ չափով մանևրելու դաշտ ստեղծել. «Չնայած՝ դրա հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները վկայում են, որ կա հիասթափություն Արևմուտքից:

Այսինքն՝ երբ Արևմուտքը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինային, պատկերացումներն այդ աջակցության բավական տարբեր են եղել Արևմուտքում և Կիևում: Կիևն ինչ-որ տեղ ակնկալել է, որ օրհասական պահին Արմուտքից ամեն ինչ կարվի Ուկրաինային պաշտպանելու համար, Արևմուտքն այդ աջակցությունը տեսել է ֆինանսական, զենք մատակարարելու, սանկցիաներ կիրառելու ձևերով: Ուկրաինան մեկ-երկու օրում չի հայտնվել այն վիճակում, որում որ հայտնվել է, սա շատ երկար տարիների պրոպագանդայի, փափուկ ուժի աշխատանքի արդյունք է Արևմուտքի կողմից:

Արևմուտքն ամեն ինչ արել է ստեղծելու Ուկրաինայում այն տպավորությունը, թե Ուկրաինան կարող է հենվել Արևմուտքի վրա, թե իրեն կաջակցեն, թե ինքը կարող է առճակատման գնալ ՌԴ-ի հետ, բայց իրեն կօգնեն շահող դուրս գալ, ինքը մենակ չի մնա, և այլն: Ուկրաինայում ինչ-որ պահի իրականության զգացումը կորել է, և ակնկալիքներն իրականությունից շատ ավելի մեծ են եղել: Դա միայն Ուկրաինային չի վերաբերում, դա ընդհանրապես, հետխորհրդային տարածքին վերաբերող տենդենց է, որի հետ բախվում են բոլոր հետխորհրդային երկրները՝ կախված նրանից, թե ինչ որոշումներ են կայացնում, ինչ զարգացումների են գնում: Դրա վառ օրինակներից մեկը Վրաստանն էր, որը դարձյալ, մեծ հաշվով, Ռուսաստանի հետ մնաց մենակ և հսկայական կորուստներով դուրս եկավ պատերազմից, բայց միևնույն է, Արևմուտքից չստացավ լիարժեք աջակցություն, չստացավ մուտք ՆԱՏՕ, չստացավ մուտք ԵՄ, այլ՝ ընդամենը խոստումներ և պահանջներ»:

Հարցին՝ դրա համա՞ր Վրաստանը չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, նա պատասխանեց. «Վրաստանը չմիացավ, որովհետև որոշակի դասեր է քաղել: Վրաստանն անցել է այս ճանապարհով և նոր առճակատում, նոր հարված իր վրա Ռուսաստանից, բնականաբար, Վրաստանը չի ցանկանում, հետևաբար՝ փորձում են այսօր մանևրել»:

Փորձագետը չի կարծում, թե Ուկրաինայում պատերազմը շատ երկար կտևի. «Ուկրաինան, որքան էլ որ զինված է Արևմուտքի կողմից, միևնույն է, չունի բավարար ռեսուրս՝ դիմադրել Ռուսաստանին: Բացի այդ, նպատակ էլ չկա դիմադրելու, ինչի՞ համար դիմադրել, եթե չկա Արևմուտքից իրական այնպիսի աջակցություն, որը հնարավորություն կտա Ուկրաինային կանգնել և պաշտպանել իր դիրքորոշումը, որքան երկար է տևում այս պատերազմը, այնքան շատ կյանքեր են կորում: Պարզ է, որ արդյունքում, միևնույն է, պետք է հանգի նրան, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է նստեն և պայմանավորվեն ինչ-որ բանի շուրջ: Այստեղ հարցն այն է, թե ինչի շուրջ և որքան Ուկրաինան կզիջի իր դիրքերը կամ սուվերենությունը, եթե համարենք, որ ընդհանրապես կար այդ սուվերենությունը: Այդ գիտակցումը Ուկրաինայում, որ չկա այլ ելք, արդեն իսկ կա»:

Աննա Կարապետյանի գնահատմամբ՝ Ուկրաինայում ծավալված պատերազմը նոր մարտահրավերներ է ստեղծում նաև Հայաստանի համար. «Ռուսաստանի հետ Արևմուտքի առճակատումը և լարվածությունը կարող է տեղափոխվել նաև մեր տարածաշրջան, ինչը, բնականաբար, մեզ համար որևէ հնարավորություն կամ դրական ֆոն չի ստեղծում: Չի բացառվում, որ այս իրավիճակից կարող են օգտվել նաև Ադրբեջանն ու Թուրքիան և փորձեն գնալ իրենց դիրքերի բարելավման:

Այս հնարավորությունը կա, բայց հավանականությունը բավականին փոքր է, որովհետև նույն Ադրբեջանն ու Թուրքիան ևս բավական ոչ միանշանակ իրավիճակում են հայտնվում, եթե հաշվի առնենք Ադրբեջանի փորձերը՝ լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, բայց ընդամենը 2 օր առաջ Ռուսաստանի հետ կնքեց դաշնակցային համաձայնագիր, որն իր մանևրելու դաշտը զգալիորեն փոքրացրեց: Որքան սրվում են Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, այնքան Ադրբեջանն ավելի բարդ կեցության մեջ է հայտնվում: Նույնը վերաբերում է նաև Թուրքիային»:

Աննա Կարապետյանը նմանություններ է տեսնում Փաշինյանի և Զելենսկու ելույթներում. «Սա ցույց է տալիս բավական նմանատիպ իրավիճակներում հայտնված երկու երկրների պոպուլիստ ղեկավարների վարքագիծ: Իհարկե, իրավիճակը լիարժեք նույնը չէ, որովհետև նույն Հայաստանի մենակ մնալը պայմանավորված էր նաև նրանով, որ գործող իշխանությունը ոչինչ չէր անում, որ մենք մենակ չմնանք, և նույնիսկ չէր դիմել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ գործի դնելու այն մեխանիզմները, որոնք հնարավորություն էին տալիս Ռուսաստանին՝ անմիջականորեն ներգրավել: Պատերազմի 33-րդ օրը նոր Նիկոլ Փաշինյանը որոշեց նամակով դիմել Պուտինին և խնդրեց մեզ աջակցել: Ամեն դեպքում, Զելենսկին էլ այսօր, ինչպես Փաշինյանը մեր պատերազմի ժամանակ, գնում է արհեստական լավատեսության ներշնչման և օրհասական պահին անհասկանալի հռետորաբանության ճանապարհով: Դա պոպուլիստ քաղաքական գործչի վարքագծի դրսևորում է, բայց տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս