Ադրբեջանական իշխանությունները հերթական Օվերտոնի պատուհանն են բացել. ովքե՞ր են թիրախում, և ումի՞ց են վախենում թշնամական պետությունում
Հայաստանյան իշխանությունների որդեգրած «խաղաղության դարաշրջանի» միակողմանի քաղաքականությունն ամեն օր նորանոր մարտահրավերների ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնեցնում երկրին:
Հայաստանի ինքնիշխան տարածքից 41 կմ զավթած, ատելության խոսքի անհասանելի բարձունքներ նվաճած, ամեն օր երկրիդ մայրաքաղաքն ու այլ տարածքներ ևս զավթելու հավակնություններ ցուցաբերող երկրից խաղաղություն մուրացող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչների առաջ յուրաքանչյուր օր Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, որոնք կամ անվերապահորեն կատարվում են՝ անտեսելով մեր ազգային ու պետական շահը, կամ խոստացվում են, որ կկատարվեն: Հերթական ահազանգն իրեն շատ սպասեցնել չտվեց:
Ադրբեջանական Apa.az-ը երկու օր առաջ գրել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի Եվրասիական տարածաշրջանային կենտրոնը շարունակում է աջակցել «Khojaly:RecognizeToReconcile» (ընդունիր Խոջալուն խաղաղության համար) միջազգային նախաձեռնությանը:
«Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է նախ սոցցանցերում գտնել Նիկոլ Փաշինյանի և օմբուդսման Արման Թաթոյանի պրոֆիլները, ապա նրանց կատարած վերջին գրառման մեկնաբանությունների հատվածում գրել՝ «Khojaly:RecognizeToReconcile», կիսվել այդ հեշթեգով ու մեկնաբանություններում նշել Փաշինյանին ու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին»,- գրել է կայքը:
Շարունակելով՝ ալիևյան քարոզչամեքենան գրում է՝ նպատակը տարբեր երկրների մարդկանց կոչ անելն է՝ ճանաչել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը», որը «հայկական նախորդ իշխանությունների կողմից կազմակերպված հանցագործություն էր», և դրանով իսկ ներդրում ունենալ երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու գործում:
44 օր շարունակ Արցախում արգելված զինատեսակներ՝ կասետային ռումբեր ու ֆոսֆոր կիրառած, խաղաղ բնակավայրերը թիրախավորած, Շուշիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ ռմբակոծած, մեկ այլ եկեղեցի՝ Կանաչ ժամը հիմնահատակ ավերած, գերիներին անմարդկային կտտանքների ենթարկած պետությունը, մշտապես ցեղասպան քաղաքականություն վարող իշխանությունը խոսում է ինչ-որ հորինած ու որևէ ապացույց չունեցող ցեղասպանությունից ու դրա ճանաչման հետևանք՝ խաղաղությունից:
Եվ եթե հաշվի առնենք, որ հրապարակման մեջ կրկին նշվում է նախորդ իշխանությունների անունը, իսկ օրեր առաջ Ադրբեջանը հետախուզում հայտարարեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, պատկերն ամբողջանում է, նպատակը՝ առավել հստակ դառնում: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ինքը հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ երկու նախագահներին, շատ անգամ իր հրապարակային խոսքում հասկացրել է, որ վախեր ունի Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից:
Ամենավտանգավորն այս պատմության մեջ այն է, որ իրենց կեղտոտ նպատակների մեջ ադրբեջանական իշխանությունները ներառում են նաև արդեն նախկին օմբուդսման Արման Թաթոյանի անունը, ով երեկ ավարտեց իր 6-ամյա պաշտոնավարումը:
Եթե այս նախաձեռնության մեջ Նիկոլ Փաշինյանին հիշելը լրիվ նորմալ է, քանի որ թշնամի պետության հետ խաղաղության դարաշրջան բացելը վերջինիս նախաձեռնությունն ու նպատակն է, ու կապ չունի՝ ինչ գնով, Արման Թաթոյանը, ընդհակառակը, հատկապես հետպատերազմյան շրջանում մշտապես հանդես է եկել բոլորովին այլ դիրքից, բացահայտորեն դեմ է գնացել այս հարցում պետական քաղաքականությանը, հավաքել է ադրբեջանական պատերազմական հանցագործությունների ապացույցների փաստերը, պաշտպանել է Արցախի ու մեր սահմանային բնակիչների՝ ինչպես անվտանգային, այնպես էլ՝ գույքային ու այլ իրավունքներ: Ու վերջինիս անունը կապելը այս խայտառակ նախաձեռնության հետ՝ ունի բավականին տեսանելի նպատակ:
Իրականում ադրբեջանցիների կողմից նախկին ՄԻՊ-ին այս պատմությանը խառնելն ակնհայտորեն ցույց է տալիս, որ վերջինիս այդ երկրում որպես իրական սպառնալիք են դիտարկում իրենց նպատակների իրագործման ճանապարհին: Եվ թեպետ Արման Թաթոյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ այս փուլում պետական ապարատում ու քաղաքականության մեջ իրեն չի տեսնում, պարզ է, որ թշնամի երկրում այլ մտավախություն ունեն:
Նախկին Օմբուդսմանի հայտարարությունը, որ հանրային գործունեություն է ծավալելու, և շատ վատ լուր ունի ադրբեջանցիների նկատմամբ, քանի որ շարունակելու է հավաքել նրանց կատարած խախտումների ու պատերազմական հանցագործությունների մասին ապացույցներ ու դրանք ներկայացնել միջազգային կառույցներին, բացահայտորեն հասկացնում է, որ ադրբեջանցիների ուրախությունը երկար չի տևելու:
Հայ հասարակությունը պետք է ցուցաբերի բացառիկ զգոնություն՝ չտրվելու համար հերթական սադրանքին, դրսի հայկական կառույցների, առհասարակ Սփյուռքի ներուժն օգտագործելով՝ պետք է չեզոքացվի հերթական՝ արդեն իսկ բավականաչափ լավ տեսանելի վտանգը: