Բաժիններ՝

Իրականացվում է պատանի երաժիշտների կատարողական արվեստը զարգացնող ծրագիր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը հետագայում ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային ծրագրի 15 շնորհալի երաժիշտ-կատարողներ:

Ծրագիրը նախաձեռնությունների և միջոցառումների համալիր շարք է, որի շրջանակում մոնիթորինգի և մասնագիտական լսումների միջոցով կատարվում է ՀՀ-ում առավել տաղանդավոր պատանիների և երիտասարդների ընտրություն: Տարվա ընթացքում հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ շարունակական սկզբունքով ընտրված տաղանդավոր պատանիների հետ իրականացվելու է ուսումնական գործընթաց: Հրավիրյալ մասնագետների ընտրության հարցում որոշիչ են նրանց հեղինակությունն ու ներդրումը միջազգային երաժշտության ոլորտում:

Տարվա ընթացքում մասնակիցները ելույթ են ունենալու շուրջ 15-20 միջոցառումներում:

Ծրագրի առանցքային նպատակներն են՝ գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության համակարգի կատարելագործում, կրթության և մշակույթի կապի խթանում, սերնդափոխության հիմքերի ձևավորում, միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովում, պատանիների շրջանում երաժշտարվեստի նկատմամբ հետաքրքրության բարձրացում, հաջողության բանաձևի ձևավորում:

Ծրագրի մասնակիցների, ինչպես նաև ՀՀ մարզերի և Երևանի արվեստի ու երաժշտական դպրոցների, քոլեջների և այլ ուսումնական հաստատությունների շուրջ 90 լավագույն պատանի և երիտասարդ երաժիշտների համար պետական ֆինանսավորմամբ իրականացվում է նաև «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրում ներգրավված, հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող հայաստանյան 12 և արտերկրի 2 առաջատար մասնագետներ (դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններ) իրականացնելու են վարպետության 14 դաս: Յուրաքանչյուր մասնագետ կդասավանդի 20 ժամ:

Վարպետության դասերը կեզրափակվեն ամփոփիչ (հաշվետու) համերգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս