
«Երբ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ, Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․ «Երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի և ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ Ֆրանսիայի, նաև՝ Հունաստանի և Կիպրոսի:
Մինչդեռ Եվրոպայի բախտը վճռվում էր նաև ղարաբաղյան այդ պատերազմում: Հայերի հաղթանակն իրականում Եվրոպայի հաղթանակը կարող էր լինել, քանի որ այդ հաղթանակին դիմակայում էր նաև Եվրոպայի համար այսօրվա ամենամեծ վտանգը՝ Ռուսաստանը: Սակայն հայերի հաղթանակը Եվրոպայում ընկալվում էր որպես ռուսական գործոնի մեծացում, քանի որ Հայաստանը, դժբախտաբար, ՌԴ ռազմավարական դաշնակիցն էր: Թեպետ այդ դաշնակիցն էր հայերի համար պարտության վիհը բացել: Ո՛չ Արևմուտքը հասկացավ, ո՛չ էլ հայկական դիվանագիտությունը կարողացավ դա բացատրել Եվրոպային, քանի որ հենց Երևանն էր հեռացել Եվրոպայից:
Ռուսաստանը գրավեց Ղարաբաղը՝ նրա մի մասը նվիրելով Ադրբեջանին, հայկական հողերի մասնատման հաշվին առևտուր անելով Թուրքիայի հետ: Ռուսաստանը հայկական հաղթանակի գերեզմանափորն էր:
Հայ ժողովուրդը ստիպված էր դիմադրել այդ նենգուպատիր բարեկամին և հարյուրամյա թշնամուն:
Ղարաբաղի գրավմամբ Մոսկվայի ռազմաքաղաքական ախորժակը բացվեց: Այն, ինչ հաջողվել էր Վրաստանում, Ուկրաինայում՝ Ղրիմում, չէր հաջողվել իրականացնել Հայաստանում ո՛չ ապրիլյան պատերազմի ժամանակ, ո՛չ դրանից առաջ:
Արևմուտքը հիմա բախվել է սեփական անվճռականությանը, քաղաք-քաղաքի հետևից ռմբակոծող Ռուսաստանին սպառնում է… տնտեսական պատժամիջոցներով:
Մենք հիշում ենք նաև Կիևի կեցվածքն այդ պատերազմի ժամանակ, բայց հիմա Ուկրիանան դժբախտության մեջ է՝ կանգնած ոչ միայն տարածքային, մարդկային կորուստների, այլև պետականության կորստի առջև: Կիևի անկումը նոր դժբախտություններ է բերելու ոչ միայն Արևելյան Եվրոպային, այլև նախկին խորհրդային հանրապետություններին: Կիևը 2020թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ դա չհասկացավ, բայց Կիևին ես այսօր լավ եմ հասկանում:
Արևմուտքը 30 տարի հապաղեց ղարաբաղյան խնդիրը լուծել հայանպաստ տարբերակով, և Ռուսաստանը այն լուծեց ադրբեջանական տարբերակով:
Պուտինը կանգ չի առնի: Նա կվերցնի այնքան, որքան կամենա կամ կարողանա: Կվերցնի, քանի դեռ նրան չեն կանգնեցրել ուժով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հիտլերը գրավեց ողջ Եվրոպան: Պատերազմի ավարտին նա ինքնասպան եղավ՝ թողնելով պարտված-մասնատված Գերմանիան, արիական ցեղին՝ գլխահակ, Եվրոպան՝ ավերակ և Մոսկվայի կողմից արագորեն օկուպացվող:
Ի՞նչ Ռուսաստանն է թողնելու իրենից հետո Պուտինը: Ի՞նչ աշխարհ է նա թողնելու մարդկությանը:
Հաղթողին նույնպես դատում են»: