Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել
Փետրվարի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հաղորդում են ընդունել, որ ժամը 17.50-ի սահմաններում մթերային խանութի մոտ են եկել Լեռնապատ գյուղի 2 բնակիչ, ապա նրանցից մեկը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է զենք և երկու անգամ օդ կրակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ, իսկ կեսգիշերն անց հայտնաբերվել է կրակոցներ արձակած 65-ամյա տղամարդը։ Նրա որդին ոստիկաններին է ներկայացրել հոր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացանը։ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։