«Դեմոկրատական արժեքների պաշտպանությու՞ն, թե՝ պարզ շահ». Կարեն Ճշմարիտյան
Ինչպիսի ընթացք է բազմաթիվ տարածաշրջաններում և երկրներում։
1. Զինված հակամարտությունների հրահրում, դրանցում ահաբեկչական խմբերի ներգրավում, և միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառում։
2. Պետությունների տարածքային ամբողջականության խաթարում, ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարում, և նոր ցեղասպանությունների իրագործման բացահայտ կոչեր։
3. Բացահայտ նացիստական շարժումների կազմավորում, և ֆաշիստական հռետորաբանության կիրառում։
4. Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակումներ և ոտնահարումներ, այդ թվում՝
– քաղաքական այլախոհության սահմանափակումներ և քաղաքական հետապնդումներ ու խոշտանգումներ,
– սեփականության իրավունքի սահմանափակումներ և ոտնահարումներ,
– խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ և ոտնահարումներ,
5. Մամուլի ազատության ու գործունեության իրավունքի սահմանափակումներ և ոտնահարումներ։
6. Ընտրական իրավունքի ոտնահարումներ, ընտրությունների արդյունքների կեղծում, և հետընտրական բռնություններ։
Այս ամենի բացահայտ գոյության պայմաններում՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
դեմոկրատիայի առաջամարտիկ հռչակված երկրների, դրանց միությունների, նաև մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ քար լռություն, ոչ մի դատապարտող հայտարարություն, և ոչ մի օբյեկտիվ գնահատական։ Ավելին, շատ հաճախ՝ իրողություններին անհամարժեք, և նույնիսկ պետությունների ղեկավարների, կամ միջազգային կազմակերպությունների մակարդակով վերը նշված երևույթները խրախուսող գնահատականներ։
Տրամաբանական եզրահանգումը միակն է։
Դեմոկրատիայի տարածման առաջամարտիկները շատ հաճախ չեն պաշտպանում այդ հասկացությունը ձևավորող արժեքները, այլ հակառակը՝ անտեսում, քաջալերում ու պաշտպանում են այդ նույն արժեքների ոտնահարումներն ու ոչնչացումը, եթե դա է պահանջում իրենց աշխարհաքաղաքական, ազգային ու պետական շահը։ Սա նշանակում է, որ այդ նույն պետությունների և կազմակերպությունների հայտարարություններն ու գործողությունները իրականում պայմանավորված են ոչ թե «… վեհ, մնայուն ու հաստատուն» հռչակված գաղափարական հիմքերի պահպանման հրամայականով, այլ բացառապես իրենց աշխարհաքաղաքական, ազգային, պետական, կամ նույնիսկ՝ ինչ-որ գործարար շահերով։
Դա է պատճառը, որ հաճախ խրախուսում են դեմոկրատիայի տարրերի բացահայտ ոչնչացումը, և դրան հակառակ՝ դեմոկրատական զարգացման ուղով ընթացող երկրների վերաբերյալ մեծ աղմուկ են բարձրացնում, եթե նրանցում հայտնաբերում են նույնիսկ ամենաչնչին շեղումը։
Նրանք շատ հանգիստ կարող են բռնապետությունը որակել որպես դեմոկրատիա, իսկ դեմոկրատիան, որպես բռնապետություն, եթե դա է պահանջում իրենց շահը։
Սա այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «ռեալ պոլիտիկ»։
Այս առումով որևէ բանաձևի, կամ հայտարարության առումով զարմանալու ոչինչ չկա, որովհետև Հարավային Կովկասն ու Հայաստանը միակը չեն, ոչ առաջինն են, ոչ էլ՝ վերջինը։ Եվ քանի դեռ Հայաստանը «…դեմոկրատիայի փայլող աստղ է…» (ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի ներկայացուցչի ձևակերպումն է), ապա շատ հավանական է, որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ որակվեն, որպես «դեմոկրատիայի խորհրդանիշներ…»։
Այդպես է եղել միշտ, և այդպես է լինելու հավետ…
Հետաքրքիրն ու զավեշտալին կլինի հետագայում, երբ այդ նույն դերակատարները Հայաստանում կփորձեն սահուն անցում կատարել հին ու բարի ժամանակների իրենց հատուկ հռետորաբանությանն ու գործելակերպին, և որևէ աննշան շեղման առիթով կփորձեն աղմուկ բարձրացնել։
ՀԳ
«Դեմոկրատիա»-ն ամենևին էլ «ժողովրդավարություն»-ը չէ։
Սա մոլորություն է, որը միգուցե հայերեն ոչ ճշգրիտ թարգմանության հետևանք է։
ՀԳ ՀԳ
Ի միջ այլոց, շատերը նկատած կլինեն, որ անգլերենում «ուժ» և «իշխանություն» հասկացությունները միևնույն բառով են արտահայտվում` «Power» , որն առաջնահերթ միարժեք և շատ ուղղակի նշանակում է «Ուժ»»: