Բաժիններ՝

«Հեքիաթ է, չգիտեմ, չեմ հասկանում, թե այդ ի՞նչ թիվ է, որտեղի՞ց են վերցրել». Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը՝ հավաքածուն 750.000 դոլար գնահատելու, մասնավոր անձի վաճառելու լուրերի մասին

«Ազատություն» ռադիոկայանի փետրվարի 17-ի ռեպորտաժում նշվում է, որ Շուշիից փրկված գորգերի բացառիկ հավաքածուն գնահատվել է շուրջ 750.000 դոլար, սակայն Արցախի կառավարությունն այժմ այդքան գումար չունի՝ այն գնելու համար:

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ վերջերս հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պատրաստակամություն են հայտնել Ստեփանակերտում տրամադրել համապատասխան շենք՝ հավաքածուի համար, ինչպես նաև թանգարանին տալ պետական կարգավիճակ՝ հոգալով պահպանման բոլոր ծախսերը:

«ԱՀ կառավարությունը պատրաստ է ապահովել գորգերի հավաքածուի տեղափոխությունն Արցախ և հավուր պատշաճի պահպանումն ու պաշտպանությունը՝ տրամադրելով համապատասխան շենքային պայմաններ, պահպանման բյուջե և թանգարանի պետական կարգավիճակ՝ միաժամանակ երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը: ԱՀ կառավարությունը ներկայումս չի պատրաստվում որևէ կերպ քննարկել գորգերի հավաքածուն գնելու առաջարկը, քանի որ հետպատերազմյան հրատապ ու առաջնահերթ կարիքների պայմաններում ողջամիտ ու բարոյական չենք համարում նման գնում կատարել:

Տեղեկացնենք, որ սեփականատերն առաջարկել է 1 մլն դոլարով գնել հավաքածուն, իսկ սկզբնական փուլում շատ ավելի բարձր գին էր ներկայացվում: Մեր կողմից առաջարկվել է նախևառաջ փորձագիտական գնահատում իրականացնել՝ պատկերացում կազմելու համար հավաքածուի իրական արժեքի վերաբերյալ: Փորձագիտական գնահատման նախնական արդյունքներով գորգերի հավաքածուի արժեքը զգալիորեն ավելի ցածր է, սակայն, այնուամենայնիվ, դա չի ազդում հավաքածուն գնելու հարցն այս փուլում չքննարկելու մեր դիրքորոշման վրա: Կառավարությունը պատրաստ է Արցախում ապահովել հավաքածուի պահպանման ու հանրահռչակման բոլոր պայմանները՝ առանց ներկայումս կամ ապագայում այն գնելու հնարավորության հետ կապված որևէ նախապայմանի: Ուստի՝ մենք հակված ենք, որ հավաքածուն գնելու հարցի քննարկումը պետք է թողնել ապագային՝ ամբողջովին երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքը»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Նշենք, որ ընթացքի մեջ է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավաքածուի գնահատման արդյունքները:

Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյանը, ով հավաքածուն գնահատող փորձագետներից մեկն է, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փորձաքննությունը դեռ շարունակվում է:

Նրա փոխանցմամբ՝ փորձաքննության հիմնական մասն ավարտված է, բայց փաստաթղթավորման հատվածը շարունակվում է:

Հարցին՝ հավաքածուն գնահատվել է շուրջ 750.000 դոլա՞ր, նա պատասխանեց.

«Որտեղի՞ց է դա հայտնի: Դեռ հրապարակված ոչինչ չկա: Եթե ինչ-որ մի տեղից պետք է դուրս գար՝ դա պետք է ես ասած լինեի, բայց ես նման թիվ չեմ ասել, այն էլ՝ լրատվամիջոցներին: Դեռ որևէ թիվ հրապարակված չէ: Ամեն ինչ պետք է ավարտվի, նոր այդ ժամանակ կհայտնեն: Ի դեպ, դա առանձնապես հետաքրքիր էլ չէ.անհրաժեշտությունը հավաքածուն անպայման պետականացնելն է: Անձամբ ինձ համար Ձեր նշած թիվը ոչինչ է: Դա այնքան թանկարժեք հավաքածու է, որ էլ չասեմ»:

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը ևս չգիտի, թե այդ ի՞նչ թիվ է հրապարակվել ու որտեղի՞ց:

«Դա հեքիաթ է: Չգիտեմ, չեմ հասկանում, թե այդ ի՞նչ թիվ է, որտեղի՞ց են վերցրել: Եթե փորձաքննությունը չի ավարտվել, ինչպե՞ս կարելի է ինչ-որ թիվ նշել: Կան նաև խեցեղեն իրեր, ու դեռ փորձաքննություն չի եղել»,- ասաց Վարդան Ասծատրյանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս ընթացքում հավաքածուն գնելու առաջարկ արվել է մասնավոր անձանց կողմից, ու ո՞ր դեպքում կգնա այդ քայլին, Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը նկատեց.

«Ես ասել եմ, որ ով կցանկանա՝ կարող է ինձ հետ միասին հիմնադրամ ստեղծել, կոնսենսուս լինի, որ ոչ ոք իրավունք չունենա վաճառել, ինչ-որ նմուշներ հանել-տանել: Կոնկրետ անձի չեմ վաճառի. վաղը թուրքերը կարող են մեկին ուղարկել՝ ասելով, թե՝ գնա ձեռք բեր: Ես հո այս ամենը չե՞մ արել, որ ինչ-որ մեկին տամ: Մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է, ես ի՞նչ իրավունք ունեմ նման բան անել: Ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ բարոյական առումով նման բան անելու իրավունք չունեմ»:

Վարդան Ասծատրյանն ասաց՝ Արցախի կառավարությունից գումար չի ուզել:

«Սո՛ւտ են ասում, այստեղ գումարի հարցը չէ: Ես իրենցից հո գումար չե՞մ ուզում: Իրենցից պայմանագիր եմ ուզում: Երբ բացել եմ թանգարանը՝ Արցախի նախագահի խորհրդական էի աշխատում: Տեսնում էի, որ այս ամենը կորցնում ենք, ու ձեռք բերեցի: Մեծ դժվարությամբ, ինքնուրույն ձեռք բերեցի, քանի որ սա մեր ժողովրդի ժառանգությունն է: Միշտ կարծել եմ, որ սա ժողովրդի սեփականությունը պետք է դառնա: 2014 թվականին ուզել եմ թանգարանը նվիրել պետությանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չեմ արել: Հիմա հասկացա, որ ճիշտ եմ արել. եթե նվիրեի՝ դա էլ կմնար թշնամուն՝ այնպես, ինչպես Շուշիում մնաց պետական 3 թանգարան»,- ընդգծեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը:

Վարդան Ասծատրյանն ասաց՝ Արցախի կառավարությունից գոնե մեկ անգամ իրեն չեն զանգել, չեն հարցրել, թե որ տեղն են ուզում հատկացնել գորգերին:

«Խնդիրը վճարելը չէ, այլ պայմանագիրը: Ես հստակ պետք է իմանամ, թե ամեն ինչ ինչպես է լինելու: Ուսումնասիրել եմ ԼՂՀ «Թանգարանների մասին» օրենքը, որտեղ պարզ գրված է, որ եթե իրավահաջորդը ցանկանում է օտարել այն, ապա առաջնային իրավունքը պատկանում է Արցախի կառավարությանը: Ու այդ օրենքի հիման վրա եմ ես իրենց ասել՝ սա ձեր սեփականությունը պետք է լինի: Իսկ ՀՀ կառավարությունից միայն տեղ եմ խնդրում: Այո, հայկական մշակույթն է, ճիշտն այն է, որ իրենք էլ խառնվեին, բայց չեմ ուզում: Արցախում է այդ ամենը արվել, Շուշիի գորգերի թանգարանն է, Արցախի ժողովրդի առաջնային իրավունքն է»,- եզրափակեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը:

Կապ հաստատեցինք նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ: Լրատվական բաժնից հայտնեցին, որ ԿԳՄՍ փոխնախարար Ալբերտ Քոչարյանը հանդիպել է Շուշիի թանգարանի տնօրենին, քննարկվել է գորգերի տեղավորման հարցը, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում, արդյունքների մասին կտեղեկացնեն: «Պարզ է՝ գրված է, որ եթե իրավահաջորդն ուզում է օտարել՝ առաջնային իրավունքն Արցախի կառավարությանն է»:

Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ արդեն շենք կա առանձնացված, նախարարությունից պատասխանեցին, որ խոսքը մեկ տեղի մասին չէ, մի քանի ուղղություններով աշխատում են:

Ուստի վերջնական եզրահանգման գալուց հետո կտարածվի համապատասխան տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս