
Իմունիտետը որոշելու թեստ-համակարգը ռնգախոռոչային պատվաստանյութից հետո մշակվել է. Գինցբուրգ

Իմունիտետը որոշելու համար թեստ-համակարգը կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութից հետո արդեն մշակվել ու գրանցվել է, իմունիտետը կորոշվի ոչ միայն արյան անալիզով, այլեւ քթից վերցված քսուքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Այո՛, թեստ-համակարգը մշակել են: Գտել են մեթոդը, հասկացել են՝ ինչպես վերցնել քսուքը: Իմունիտետը կորոշենք ոչ միայն արյան անալիզով, այլեւ քթից վերցված քսուքով»,- ասել է Գինցբուրգը:
Նա ճշտել է, որ թեստ-համակարգն արդեն գրանցվել է, ավելի վաղ այն ունեցել է ուրիշ կիրառում: Հոկտեմբերի կեսերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի (SPRAY 08-ԳԱՄ-ՔՈՎԻԴ-ՎԱԿ-2021) կլինիկական հետազոտությունները, որը մշակվել է Գամալեյայի կենտրոնի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: