Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. որևէ մեկը մեզ չի կարող դա պարտադրել. Բաբայան

Արցախի Ազգային ժողովում ընդունվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որով 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են կազմում, և դրանց վրա տարածվում է իրավական հատուկ ռեժիմ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց՝ այս օրենքը Արցախի տեսլականն է անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ, և դրանով ամրագրվում է՝ Արցախի համար իր անկախությունը կարևորագույն արժեք է, և հենց դրա համար է, որ արցախցին ցույց է տալիս իր սկզբունքայնությունը ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ լինելու համար։

«Նման օրենքի առկայությունը ցույց է տալիս, որ Արցախը կա, իսկ եթե արցախցին կա, դա արդեն իսկ հայտ է միջազգային հանրությանը, որ առանց մեզ չեք կարող մեր ճակատագիրը որոշեք։

Մենք պետք է ծառա լինենք մեր պետությանը, բայց՝ ոչ երբեք որևէ մեկի ստրուկը»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ այս օրենքն ինչպես որ հնարավորություններ է բացում միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու համար, այնպես էլ բխում է Հայաստանի շահերից։

«Սա նաև Հայաստանի կենսական շահերից է բխում, որովհետև Արցախի՝ որպես առանձին սուբյեկտի, գոյությունը միմիայն Հայաստանի շահերրից է բխում»,- ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ ընդգծելով, որ եթե ցանկանում ենք տեսնել միասնական հայկական պետականություն, պետք է զերծ մնալ նաև երկու հայկական պետությունների քաղաքական իշխանությունների միջև ներքաղաքական հարցերի շուրջ լարվածություններից։

Դիտարկմանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի հարցազրույցից հետո պատասխանեց նրան ու ասաց, որ եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարի, արդյո՞ք վկայում է, որ ՀՀ իշխանությունների կողմից կան խանգարող գործոններ, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Եթե ուզում ենք, որ հայոց պետականությունը մնա, պետք է հասկանանք, որ դա կախված է Արցախից և դա պետք է ընկալվի նաև հանրության շրջանում, իր հերթին էլ՝ հանրությունը պետք է թույլ չտա, որ որևէ մեկը շահարկի Արցախը՝ ներքաղաքական կյանքում։ Արցախը պետք է վեր լինի ներքաղաքական շահարկումներից։ Ես չեմ ցանկանում մտնել այդ քննարկման դաշտ, բայց կրկնում եմ՝ Հայոց պետականության ապագան կախված է Արցախից»,- ասաց նա։

Բաբայանի փոխանցմամբ՝ բայց միևնույն ժամանակ, որքան էլ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի տնօրինողը, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռք քաշի Արցախից։

«Այդ պատասխանատվությունը մենք կրում ենք միասին, և այն չի կարելի այս ծանր պահին թողնել միայն Արցախի ուսերին»,- ասաց Բաբայանը։

Հարցին՝ իսկ իրենց համար հասկանալի՞ է, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում, առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների ժամանակ հնչեցված ադրբեջանանպաստ ձևակերպումներից հետո, Բաբայանը շեշտեց.

«Ընդամենը կասեմ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. սա արյունով գծված կարմիր գիծ է։ Որևէ մեկը մեզ չի կարող դա պարտադրել։ Այդ կարմիր գծից երբեք չենք շեղվելու»,- ասաց Բաբայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս