Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով երկրները չպետք է փակուղի մտնեն․ Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է, որ երկրները չպետք է մտնեն փակուղի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը։
«Մենք չպետք է մտնենք փակուղի, այն աղետ կլինի բոլորիս համար»,- ասել է Շոլցը բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցն ասել է, որ «ներկա իրավիճակում կարևոր է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ համոզվելու համար, որ խաղաղ զարգացումը հնարավոր է»։
«Դա է պատճառը, որ ես ասացի, որ մենք կարևոր նախապայման ենք համարում Մինսկի գործընթացը… իմ տեսանկյունից, դա նպաստ կլինի Եռակողմ շփման խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսմանը»,- հավելել է նա։
Կանցլերի խոսքով՝ Մինսկի գործընթացը «լավ մեկնարկային կետ է Դոնբասի և Ուկրաինայի կառավարության միջև Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման համար»։
«Այնտեղ պետք է բանակցություններ ընթանան եռակողմ շփման խմբում…»,- ընդգծել է նա։