Բաժիններ՝

Մենք սովոր ենք շնորհակալություն ասել միայն այն ժամանակ, երբ ստանում ենք մեր ուզածը

Մենք սովոր ենք շնորհակալություն ասել միայն այն ժամանակ, երբ ստանում ենք մեր ուզածը: Երբեք շնորհակալ չենք այն դեպքում, երբ դա մեզ չի տրվում:

Ինքս էլ միշտ այդպիսին եմ եղել: Գոհ ու շնորհակալ էի այն պահին, երբ ստանում էի ուզածս: Հետո մի դեպք եղավ ու հասկացա, որ եթե Տերը չի կամենում՝ բարին հենց դա է: Հիմա, ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն` առաջին հերթին իր չտվածի համար, ու հետո նաև` իր տվածի: Գուցե, սկզբի համար դժվար է սա ընդունելն ու ընկալելը, բայց երբ սեփական փորձովդ հասկանում ես, որ Աստծո չտվածն անգամ կարող է քեզ համար օրհնություն լինել, այլևս երբեք չես դժգոհում ու չես չարանում:

Ամեն բան իր ճիշտ ժամանակն ունի, բոլոր անհամբերներիս համար այս մտքի հետ համակերպվելը այո՛, շատ դժվար է, բայց համբերության մեջ ապրելով՝ պիտի զգանք տվածի ու չտվածի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երբ սովորում ենք համբերատարությամբ ու խոնարհությամբ սպասել Տիրոջ կամքի կատարմանը, հասկանում ենք, որ չկա ավելի լավ պահ ու չկա ավելի կատարյալ զգացողություն:

Անհամբերությունը ու եսասիրությունը հաճախ են նպաստում, որ կորցնենք մեր իրական մարդկային դեմքը: Եթե չեն իրագործվում մեր ցանկություններն ու երազանքները, ապա մեղադրանքների տարափը շատանում է: Ու հիմնական մեղավոր մենք համարում ենք Աստծուն: Երբեք չենք մտածում, որ պահը չի հասունացել ու Տիրոջ կամքը չի հաստատվել: Շարունակ կրկնում ենք, որ դժբախտ ենք, կամ Աստված չի կամենում: Իրականում, Աստծո զավակները լինելով՝ պետք է հասկանանք, որ Նա մեզ ամեն ինչ է կամենում, պարզապես ճիշտ ժամանակին է սպասում: Դժվար է պատկերացնել՝ երբ է այդ ժամանակը գալու, բայց այն գալու է: Ուստի եկե՛ք, ամեն օր շնորհակալ լինենք Տիրոջը նախ՝ իր չտվածի համար ու հետո նաև՝ իր տվածի:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս