Ռազմարդյունաբերության ոլորտում վերջին մեկ տարում քայլերը ճգնաժամային են. Հայկ Չոբանյան
2021 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված, 2021 հոկտեմբերին այդ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հայկ Չոբանյանը, որը վերջերս ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն, վստահեցնում է՝ Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանն առավելագույնս կարող է օգուտ տալ մասնավոր ոլորտում, թեև ցավ է ապրում, որ կայացվեց քաղաքական որոշում՝ իրեն պետական կառավարման համակարգում չներգրավելու ուղղությամբ։
«Այո՛, ես կարծում էի, որ նախարարական պաշտոնը կարող է խթանել մասնավոր ոլորտ-պետություն համագործակցության զարգացումը։ Ցավոք սրտի, քաղաքական որոշմամբ ես չշարունակեցի պաշտոնավարումը, բայց նաև մնացի իմ սկզբունքին՝ ծառայելու բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայկ Չոբանյանը։
Հարցին՝ իսկ ինչո՞վ ինքը չի բավարարել Կառավարության դրած պահանջներին, Չոբանյանը պատասխանեց, որ կայացվել է քաղաքական որոշում, որն ինքը չի վիճարկում, սակայն կարծում է, որ հիմա՝ որպես ԱՏՁՄ տնօրեն, ռազմավարական նշանակության հարցերում Կառավարության և մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու հնարավորություն կա՝ հաշվի առնելով ավելի վաղ պետական կառավարման համակարգում իր աշխատանքային փորձը։ Նա կարծում է, որ դա կնպաստի ռազմարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների կապին ու զարգացմանը։
Հարցին՝ իսկ ինչպե՞ս է հնարավոր խոսել առհասարակ ռազմարդյունաբերության զարգացման մասին, երբ մեկ տարուց ավելի է՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն անգամ նախագահ չունի, Հայկ Չոբանյանը պատասխանեց, որ այս բեռը շատ լուրջ խնդիր է, ուստի արագ պետք է կայացվի որոշում՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ, որովհետև Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունից մասնավոր հատվածը մեծ դժգոհություններ ունի։
«Ռազմարդյունաբերության ուղղությամբ իրականացված քայլերը վերջին մեկ տարում ճգնաժամային եմ համարում։ Շատ արագ որոշումներ պետք է կայացվեն։ Ասել՝ մասնավոր ոլորտը դժգոհ է Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատանքից, նշանակում է՝ ոչինչ չասել։ Շատ ավելի մեծ պետք է լինի պետության՝ պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը, պետությունը պետք է լինի առաջամարտիկ, մինչդեռ պետության կողմից մասնավոր ընկերություններին պատվերների ծալավների դրական տեղաշարժեր ես չեմ տեսնում։
Կարծում եմ՝ պետությունը պետք է շատ ավելի համարձակ լինի, իսկ համարձակ չի, որովհետև կա վստահության դեֆիցիտ. այդ դեֆիցիտը, սակայն, կվերանա միայն այն դեպքում, երբ արվեն երկարաժամկետ ներդրումներ։ Ասվածի օրինակը Թուրքիան է, որը տասնամյակներ շարունակ ներդրումներ է արել ռազմարդյունաբերության ոլորտում, հետո նոր քաղել արդյունքները»,- ասաց Չոբանյանը՝ ընդգծելով՝ պետությունը պետք է «մեկը տասը դարձնի» ներդրումներով, ոչ թե խանգարի վարչարարությամբ ու բյուրոկրատական քաշքշուկներով՝ ոչնչացնելով այս ոլորտը։
ԱՏՁՄ տնօրենը նաև ընդգծեց՝ այն համակարգը, որն այսօր գործում է Հայաստանում, հնարավորություն չի տալիս ունենալ արդյունավետ ռազմարդյունաբերություն, ուստի պետք է պետական պատվերի կառուցվածքում կատարել արմատական փոփոխություններ, գնալ ազատականացման և ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին որակավորում տալ բացառապես տված որակի և ոչ թե՝ ինչ-ինչ վարչարարություններ հաղթահարելու շնորհիվ։
«Երկրի անվտանգության պաշտպանության տեսանկյունից մենք այսօր ոչ թե ֆինանսավորման խնդիր ունենք, այլ քաշքշուկների»,- ասաց Չոբանյանը։
Նա երկրի անվտանգության ապահովման համար առաջարկում է «Համապարփակ անվտանգության ու պաշտպանության համակարգի» նոր պլատֆորմ, որի հիմնական գաղափարն այն է, որ երկրի անվտանգության ապահովմանը պետք է ներգրավվել բնակչության բոլոր շերտերին ու սփյուռքին՝ յուրաքանչյուրին մաս դարձնելով երկրի պաշտպանությանը` իրենց կարողությունների չափով։
Հարցին՝ որքանո՞վ է իր առաջարկած «Համապարփակ անվտանգության ու պաշտպանության համակարգի» նոր պլատֆորմը համադրվում Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանի հետ, Հայկ Չոբանյանը պատասխանեց.
«Շատ ուղիղ պատասխանեմ՝ մենք որևէ այլ ձևով խաղաղություն ու անվտանգություն չենք կարող ապահովել. դրա երաշխիքը հզոր անվտանգային համակարգ ձևավորելն է։ Բերեմ մեկ օրինակ՝ այսօր ատոմային ռումբը դարձել է երկրների անվտանգության և խաղաղության երաշխավոր»:
Նա նշեց, որ այս մոտեցումը պետք է լինի պետական քաղաքականություն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում