«Մի բան հստակ է՝ բողոքող անձ չի եղել, ուրեմն արդարադատության նախարարը ի՞նչ տրամաբանությամբ է հարուցել այս վարույթը». Սիրանուշ Սահակյանը՝ ԱՆ ներկայացուցչին
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթի քննությունը:
Վազգեն Ռշտունու ներկայացուցիչները ԲԴԽ-ում «Իրավական ուղի» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիրներ Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանն են:
Նիստը նախագահող ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց նիստին մասնակցող ԲԴԽ կազմը. Վազգեն Ռշտունին և նրա ներկայացուցիչներն առարկություն չունեին:
Արդարադատության նախարարի ներկայացուցիչը ԲԴԽ-ում արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն է:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խնդիր է տեսել Վազգեն Ռշտունու վարույթում եղած քրեական գործերի վերաբաշխման հարցում վերջինիս՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված:
Այս առնչությամբ Գրիգոր Մինասյանը միջնորդեց, որ Վազգեն Ռշտունին ներկայացնի իր անձնագրերը՝ ճշտելու համար՝ երբ է դատավորը հատել ՀՀ պետական սահմանը:
«Չեմ կարծում՝ միջնորդությունը վերաբերելի է այն կարգապահական վարույթի շրջանակներին, որը քննարկվում է այստեղ»,- արդարադատության փոխնախարարի ելույթին արձագանքեց Վազգեն Ռշտունին՝ հավելելով, որ եթե ԲԴԽ-ն որոշի, որ ինքը պետք է ներկայացնի անձնագրերը, ինքը պատրաստ է դա անել:
Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց՝ փորձ է արվում միջամտել ու ստանալ մարդու անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ:
Հաջորդիվ արդարադատության նախարարի ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի միջնորդությունը, ներկայացրեց, թե ըստ իրենց՝ ինչ խախտումներ է թույլ տվել դատավորը:
«Դատավորն իրավասու չէ կատարել արդեն իսկ մակագրված դատական գործի վերաբաշխում»,- կարծում է Արդարադատության նախարարությունը:
Գագիկ Հարությունյանը նաև վստահ է, որ դատավոր Ռշտունին կարգապահական խախտում կատարել է դիտավորությամբ:
ԱՆ ներկայացուցչին հարցեր ուներ Վազգեն Ռշտունին, նրա ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Մասնավորապես, վերջինիս հետաքրքրում էր՝ ներկայացուցչի գրած զեկուցագրում ինչ ուսումնասիրություն թե վերլուծություն է կատարվել, և ինչ կապ ունի այն դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հետ:
«Մի բան հստակ է՝ բողոքող անձ չի եղել, ուրեմն արդարադատության նախարարը ի՞նչ տրամաբանությամբ է հարուցել այս վարույթը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Արդարադատության նախարարի ներկայացուցչի երկար բացատրությունից առանձնապես ոչինչ չհասկացվեց, և թերևս այդ պատճառով Ռուբեն Մելիքյանը չափազանց կենցաղային օրինակ ներկայացրեց և կրկնեց հարցը:
Այս անգամ ներկայացուցիչն ասաց, որ վարույթի համար հիմք է ծառայել ԱՆ ինչ-որ պաշտոնյայի ստուգում, և Սիրանուշ Սահակյանը հարցրեց՝ ինչ հիմքերի առկայության պայմաններում է նշված ստորաբաժանումը որոշել ստուգել Վազգեն Ռշտունու վարույթում գտնվող գործերը, երբ նախարարության կանոնադրության և լիազորությունների մեջ նման բան չկա:
Գագիկ Հարությունյանն ասելիք չուներ այդ առնչությամբ և ասաց, որ նախարարության լիազորությունների պարզաբանումը այս վարույթին վերաբերելի չէ:
Սիրանուշ Սահակյանի հաջորդ հարցը հետևյալն էր՝ նմանատիպ ի՞նչ ուսումնասիրություններ է կատարել ԱՆ-ն 2021-2022թ.: Արդարադատության նախարարի այս անգամ արդեն խորհրդականը հրաժարվեց հարցին պատասխանելուց:
ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը ԱՆ ներկայացուցիչներին խնդրեց հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել Սիրանուշ Սահակյանի պահանջած տվյալները:
«Ես տվյալ ունեմ ու կներկայացնեմ, որ Ռշտունի Վազգենի նկատմամբ մոտեցումը եղել է խտրական»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ անուններ մի տվեք, թիվ ասեք՝ էլ քանի՞ հոգու վերաբերյալ է նման ուսումնասիրություն կատարվել ու դրա արդյունքներով քանի՞ հոգու նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել:
Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ իրենք կշարունակեն հարցեր տալ՝ վստահ լինելով, որ դրանց պատասխանները, միևնույն է, չեն ստանալու:
Վազգեն Ռշտունու հերթական հարցից հետո կրքերը բորբոքվեցին, և Գագիկ Ջհանգիրյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:
Հայտարարված ընդմիջումից հետո վերսկսված կարգապահական վարույթի քննությունը կարճ ժամանակ անց ընդհատվեց, երբ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացավ, որ դեռ բավականաչափ հարցեր կան՝ ուղղված արդարադատության նախարարի ներկայացուցիչներին:
Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 21-ին՝ ժամը 15.00-ին: