Ինչպե՞ս է Արծրուն Հովհաննիսյանը նայելու աչքերիս, երբ 44 օր ասում էր՝ Աբգարս ողջ է. Գեղամ Նազարյան
Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ ընդդիմությունը չի հրաժարվում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները վերահսկելու մեխանիզմից։
«Մենք բացարձակ չենք հրաժարվում, ուղղակի ներկայացնում ենք օբյեկտիվ իրականությունը, այն, որ այս կազմով, այս ձևերով ու մեխանիզմներով նույնիսկ մեր ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չէ անել։ Սակայն այնպես չէ, որ մենք մի կողմ ենք քաշվելու և որևէ ձևով մասնակցություն չենք ունենալու։
Թող գործընկերներս ինձանից չնեղանան, բայց այս խորհրդարանում երևի ամենաշատը ես եմ ուզում, որ պատերազմի հանգամանքները պարզվեն, և հանրությանն էլ հասու դառնա այդ ճշմարտությունը։ Երբ իշխող ՔՊ խմբակցությունը քննիչ հանձնաժողով ձևավորելու որոշում էր կայացրել, մենք էլ, ինչպես հանրությունը, դրա մասին իմացել ենք մամուլից։ Ես Անդրանիկ Քոչարյանին ասել եմ, որ ամենամեծ ցանկությունն ունեմ բացահայտելու բոլոր հանգամանքները, իմ կյանքի հիմնական նպատակը դա է։ Նշված է, որ ձևավորվում է հանձնաժողով սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները քննելու համար, ո՞ւմ կողմից սանձազերծված, ի՞նչ ռազմական գործողություններ, նույնիսկ սկիզբն արդեն սխալ են դրել»,- նշեց Գեղամ Նազարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ խոսել է բազմաթիվ զոհված տղաների ծնողների հետ, նրանց մի մասը նշել է, որ չի կարելի առհասարակ մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, ծնողների մի մասն էլ խնդրել է, որպեսզի միջնորդի՝ նրանք այդ հանձնաժողովում որպես փորձագետ կամ վկա՝ ներկա լինեն։
«Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ մենք ամոթխած նստած էինք, եթե մենք կիրթ ենք արտահայտում մեր դիրքորոշումը, եթե մենք չափը չենք անցնում, իրենց չենք վիրավորում, դա չի նշանակում, որ ամոթխած նստած ենք։ Ինչ վերաբերում է ամաչելուն, ապա, այո, իրականում ես ամաչում եմ, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի վարչապետը դեռ Նիկոլ Փաշինյանն է, ես շատ եմ ամաչում իմ, ժողովրդի, բոլորի, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանի համար։ Մարդը, որի ղեկավարությամբ, խոստովանությամբ, «ոնց ուզել՝ բանակցել եմ», ամեն ինչ սկսել է զրոյական կետից, և դրա հետևանքով եղավ մեր հայրենիքի մի մասի կորուստը, եղավ մեր երեխաների, այդ թվում՝ իմ Աբգարի զոհվելը։ Մենք նախաձեռնում ենք փաստերի ավելի մեծ հավաքագրում, որի հիմնական նպատակը հենց դա է՝ պարզել, թե ինչ է եղել»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
Ըստ նրա, իշխանական պատգամավորներն այսօր իրենց տված ասուլիսում ասել են, որ եթե ընդդիմությունը չի մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նրանց աշխատավարձից պետք է պահել։ Իշխանության երազանքն է, որպեսզի ընդդիմադիրներն իրենց մանդատները վայր դնեն։
«Նույն այդ իշխանությունն անցած ամիս Տիգրան Աբրահամյանի աշխատավարձից 120 հազար դրամ պահում է արել, Գեղամ Մանուկյանից՝ 60 հազար, իսկ ինձանից՝ 90 հազար, որովհետև չենք մասնակցել Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստերին, երբ հանձնաժողովի նախագահի տեղակալ էին ընտրում»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը։
Պատգամավորը նաև ասաց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը կարևոր հարթակ է, որտեղ պետք է քննարկվեն կարևոր հարցեր, և այդ հանձնաժողովը պետք է քննարկի, թե ինչու ընդդիմությունը ԱԺ քննիչ հանձնաժողովին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություն է տարածում, հետո գնում՝ հանձնաժողովի նիստում մանրամասնում չմասնակցելու մասին հարցեր։
«Ես շատ մեղմ եմ խոսում շատ, մեկ-մեկ, երբ գիշերը գլուխը բարձին եմ դնում, ինձ վրա զարմանում եմ, թե ինչու եմ այդքան մեղմ։ Ես այսօր նաև անկեղծ զարմանում եմ, թե ինչպես է Արծրուն Հովհաննիսյանը մտնում այս շենք, մտնում հանձնաժողով, նստում նայում է Գեղամ Նազարյանի աչքերին, որին 44 օր շարունակ ասում էր՝ գիտե՞ս, քո որդին ողջ է, առողջ է, ես օրինակը որդուս վրա եմ բերում՝ նկատի ունենալով հազարավոր տղաների, հիմա այդ մարդը գալու է փորձագետ աշխատի՞»,- եզրափակեց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում