«Սոխն ուտեմ, մրմռցնե՞մ ջանս, թող ինքն ուտի, որ ժողովրդին էս վիճակին չգցի»․ տարեց կինը՝ Փաշինյանին
Վերջին տարիներին Հայաստանում գրեթե ամեն բան թանկացել է՝ սննդամքերք, դիզվառելիք, ջուր, էլեկտրաէներգիա, գույքահարկ և այլն։ Բազմաթիվ քաղաքացիների, հատկապես՝ թոշակառուների և սոցիալապես անապահով ընտանիքների համար անգամ առաջին անհրաժեշտության սնունդ և պարագաներ գնելը դժվար է, դե, իսկ մսի կամ քաղցրավենիքի մասին խոսելն ավելորդ է։
168.am-ն այսօր շրջել է Երևանի փողոցներով, քաղաքացիներին հարցրել, թե 10.000 դրամով քանի՞ օրվա համար են կարողանում սնունդ գնել, և քանի՞ հոգանոց ընտանիքի համար։ Հարցվածների մեծ մասն ասաց, որ 10.000 դրամը գումար չէ, դրանով ընդամենը 1 օրվա համար կարող են սնունդ գնել, բայց ի վիճակի չեն նման շռայլություն թույլ տալ իրենց։
«Մի օրվա ապրելու գումար է, եթե մրգից օգտվես, ինչ-որ բանից, մի օրվա ծախս է 4 հոգանոց ընտանիքի համար։ 10.000-ի դրամի կարող ես առնել մի անգամվա՝ մրգեր, կաթնամթերք, եթե շատ ուզես՝ 2 օր կձգես, բայց ոչ ավելի»,- ասաց երիտասարդ մի կին։
Հարցվածներից մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ միայն թոշակով չի կարող ապրել, դա անգամ կոմունալ վճարներին չի հերիքում, որդիներն են Ռուսաստանից գումար ուղարկում, ապրում է․
«Եթե նորմալ ուզենաս ապրել, 2 կիլո միս կարող ենք գնել այդ 10.000 դրամով․․․ Եթե միայն այստեղի ստացած թոշակով ապրեի, ամիսը միայն 40.000 դրամ հոսանքի վարձ եմ մուծում»։
Քաղաքացիներից մեկն էլ զարմացած արձագանքեց՝ 10.000-ո՞վ․
«10.000-ը դա գումար չի։ Կարելի է ասել՝ մի օրվա, են եմ, եթե մակարոն-բան, մի քիչ միս վերցնես, վերջ, վերջանում է, դա հաստատ գումար չի։ Ամեն ինչ թանկացել է, ժողովուրդը չի կարողանում»։
Հարցին՝ Հայաստանում ո՞վ է հիմա լավ ապրում, քաղաքացին պատասխանեց․
«Իհարկե հարուստները, մեզ նման հասարակ ժողովուրդը հազիվ ձգում է»։
Ճշտող հարցին՝ իշխանությունները լա՞վ են ապրում, քաղաքացին պատասխանեց
«Ոչ թե կասեի՝ լավ են ապրում, նորմալ, իրենց աշխատավարձի համեմատ՝ մեզանից հաստատ լավ են ապրում, դե, որովհետև այդքան պարգևավճարներ․․․»։
Հարցված քաղաքացիներից էլ մեծահասակ մի տղամարդ, որ 2 անգամ Նիկոլ Փաշինյանին է ընտրել, զայրացավ մեր հարցից․
«Քանի օրվա՞, մի ժամվա, 10.000-ն ի՞նչ փող ա։ Թոշակառու մարդ եմ, 40.000 դրամ փող եմ ստանում, 40.000-ով տուն պահեմ, տան վարձ տա՛մ, հոսանքի փող տա՛մ, գազի փող տա՛մ, թե՞ իմ ուտելու փողը տամ։ 40.000 դրամն ի՞նչ փող ա։ Սենց թանկացնելով՝ ո՞ւր է գնալու, խաբեց ժողովրդին էսի, փաստացի լրիվ խաբել է մեզ»։
Հարցվածներից մի կին ևս ասաց, որ այդքան գումարով ընդամենը 1 օրվա առևտուր կարող են անել․
«Մի օրվա առևտուր, օրով ենք ապրում, ռուսներից վերան ենք դարձել հայերս, 30.000-40.000 թոշակ է, դե ապրի՛։ Սովորական առևտուր ենք անում, միսը շատ դժվարությամբ ենք գնում, սովորական՝ մակարոն, վերմիշել»։
Դիտարկմանը՝ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը թանկացումների վերաբերյալ Ազգային ժողովի ամբիոնից, հեգնելով իշխանություններին, ասում էր՝ ժողովուրդ ջան, միսը թանկացել է՝ սոխ կերեք, տարեց կինը բարկացավ․
«Սոխն ուտեմ՝ ի՞նչ, մրմռցնեմ ջանս, թող ինքն ուտի, որ ժողովրդին էս վիճակին չքցի»։
Քաղաքացիներին նաև հարցրել ենք, թե ի՞նչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանը, որը չի կատարել։ Գրեթե բոլոր հարցվածները պատասխանեցին, որ Փաշինյանը փուչ խոստումներ է տվել, միայն 1 քաղաքացի գտնվեց, որ ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իր տված բոլոր խոստումները կատարել է, իսկ թե կոնկրետ ո՞ր խոստումներն է կատարել, քաղաքացին չպատասխանեց, ասաց՝ շտապում եմ։
Քաղաքացիներին նաև հարցրեցինք, թե ինչի՞ հետևանքն է վերջին շրջանում Հայաստանից մեծ թվերի հասնող արտագաղթը․
«70 տարեկան եմ, 70 տարեկան չլինեի՝ ես էլ գլուխս կառնեի, կգնայի։ Մարդ իր երկիրն ափսոսում է թողնի գնա, ասում ենք՝ մնանք, աշխատենք, ստեղծենք, բայց ո՞ւր ա, քանդում ու քանդում են, ոչ մի լավ բան չկա, հույս էլ չկա, որ մի լավ բան պետք է լինի։ Իր բոլոր հայտարարություններն էլ սուտ է, ես 2 անգամ իրեն եմ ընտրել, բայց Աստված տա՝ վաղը-մյուս օն ընտրություն լինի, մոռանա ինքը։ Ես 100 ձայնից ավելի ձայն եմ օգնել, իմ գյուղը հարյուր քանի տուն է, չեմ ասի, թե որ գյուղն է, բայց հունիսի 20-ին 150 ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, բայց էսօր եկել խաբում-խաբում է, ինչքա՞ն պետք է խաբես․․․»։