ՀՀ-ն գտնվում է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ. Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել, իսկ իրականությունը դառն է, արդյունքները վատն են.Բագրատյանը՝ ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների մասին

ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ. ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա և ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը իբրև տնտեսական աճի ցուցանիշ դիտարկոմւ ենք ՏԱՑ-ը)։ Բայց չ՞է որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ ընդհանրապես, 2018-2021թթ. ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ.-ից։

2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ և 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով։ Սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է։

Ավելի խայտառակ վիճակ է գրանցվել պետական բյուջեի ծախսերի մասով։ 2021-ին դրանք կազմել են 1988 մլրդ դրամ և ավել են 2020-ի համեմատ սոսկ 4.9%-ով։ Նկատի ունենալով 2021-ի 7.2%-ոց գնաճը, ստացվում է, որ 2021-ի բյուջեի իրական ծախսերը 2020-ի համեմատ պակասել են 2.3%-ով։ Անհասկանալի է, թե ի՞նչն ենք գովում։ Բյուջեի իրական եկամուտների անկումը պայմանավորված է տնտեսական աճի կառուցվածքով. այստեղ դրայվերներն են ծառայությունների ոլորտն ու առևտուրը, որտեղ հարկման մակարդակը տնտեսության միջին հարկային ծանրաբեռնվածությունից ցածր է։

Մեկ տարում պետական պարտքն ավելացել է 265 մլրդ դրամով (համարյա 550 մլն դոլարով)։ Բայց ՀՆԱ-ն համադրելի (2020թ) գներով ավելացել է սոսկ 308 մլրդ դրամով կամ 640 մլն դոլարով (մեր գնահատականն է, իրականում կարող է լինել մի 0.5%-ի տարբերություն)։ Պետական պարտքի ավելացման նման ցածր արդյունավետություն ՀՀ-ն չի ունեցել վերջին 28 տարիներին։ Եթե 1 դոլար պարտք ենք վերցնում, որպեսզի մոտավորապես 1 դոլարով էլ ՀՆԱ-ն աճի, ապա ավելի լավ է ոչ պարտք վերցնենք, ոչ էլ ՀՆԱ-ն աճի։ Արդի դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը հնարավոր է, եթե միավոր պարտքը հանգեցնում առնվազն 1.65 միավոր ՀՆԱ աճի։

2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։ Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։ Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազար մարդուց դարձել է 1161 հազարի. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն, գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում է, ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում։

2021-ին երկրում անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով, իսկ գներն աճել են 7.2%-ով։ Ստացվում է՝ աշխատողների իրական եկամուտների սոսկ 0.4% աճ։ Բայց եթե իբրև աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոց վճարած գումարներից հանենք իշխանավորներին տրված պարգևավճարները, ապա ունենք իրական եկամուտների ավելի քան 2%-ոց անկում։ Բացի այդ, միջին իրական եկամուտների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև կենսաթոշակները, նպաստները և այլն։ Այստեղից, անկումն իրականում շատ ավելի մեծ է։ Ի վերջո, պետք է նկատի ունենալ այն ահռելի ծախսերը, ոըը բնակչությունն անում է պանդեմիայից բուժվելու, պաշտպանվելու ու թեստավորման վրա։

Շատ անմխիթար վիճակ է բանկերում։ Տարվա ընթացքում ԿԲ պահուստները պակասեցին մոտ 200 մլն դոլարով։ ԿԲ-ն ապարդյուն փորձում էր փողի զանգվածի և բազայի արդյունավետ կառավարման միջոցով զսպել գնաճը։ Տարեվերջին կտրուկ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը չզսպվեց, բայց տնտեսության վարկավորումը սահմանափակվեց։ Մարտ-դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կրճատվեց 150 մլրդ դրամով։

Ուրախանալու որևէ առիթ չկա նաև արտաքին հատվածում։ Արտահանումն ընթացիկ դոլարային գներով աճել է 19.1%-ով։ Ավաղ, սա չի նշանակում, որ այստեղ աճ կա։ Բանն այն է, որ, նախ, 2020-ին այն կրճատվել էր 4%-ով և ապա դոլարային ընթացիկ գների պարագայում չենք կարողանում չեզոքացնել դոլարային գնաճը։ Արդեն 24 տարի է ՀՀ ԱՎԾ-ն հրաժարվում է սիստեմատիկաբար հրապարակել արտահանումն ու ներմուծումը մշտական դոլարային գներով։

Բոլորովին տխուր է պատկերը ժողովրդագրական ցուցանիշների մասով։ 2020-ի պատերազմից հետո ակնկալվում էր ծնելիության աճ։ Ավաղ, 2021-ին ծնվել է 36585 երեխա 2020-ի 36353-ի դիմաց (չնչին աճ)։ Մահացածների թիվն էլ էականորեն չպակասեց (34658 մարդ)։ 2021-ին 32.3%-ով ավելի մարդ է մահացել, քան 2019-ին։ Ինքնասպանությունների ցուցանիշով ՀՀ-ն վերջին տարիներին ընդհուպ մոտեցել է դեպրեսիվ երկրների մակարդակին. 20-25 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ 100 հազ. բնակչի հաշվով։

Ուրախացնում է ամուսնությունների թվի աճը։ Բայց արի ու տես ինչքան ամուսնություններն ավելացել են, այդքան էլ ամուսնալուծություններն են աճել։

Իրավախախտումները 2021-ին աճել են 14.2%-ով (30245՝ 2020-ի 26468-ի դիմաց)։ Եվ ընդհանրապես, 2017-2021թթ. իրավախախտումներն ավելացել են 49%-ով։

Լավ բան գրեթե չկա։ Կառավարությունն ու ոստիկանությունը ինչքան խստացնում են ՃՏՊ-ների դեմ պայքարն, այնքան վիճակն ավելի է ծանրանում։ Այսպես, 100000 բնակչի հաշվով Հայաստանում մահացությունն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ (ՀՀ – 20, Վրաստան – 12.4, ՌԴ – 12, Ուկրաինա – 10,2, Լիտվա 8.1, Մոլդովա – 7.3, Ադրբեջան – 6.7 և այլն)։ Մինչդեռ 2005-ին, օրինակ, երբ այդ սարքերը չկային, Լիտվայում, Լատվիայում, ՌԴ-ում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում վիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Աշխարհում էլ մեր ցուցանիշը վատագույններից է. Թուրքիա – 7, ԱՄՆ – 7.5, Գերմանիա – 3.7, Ինդոնեզիա – 13.1, Չինաստան – 18 և այլն։ Ամեն տարի Հայաստանում ՃՏՊ-երի արդյունքում մահանում է 550-600 մարդ։ Իրավիճակի կտրուկ վատացում է նկատվում հատկապես 2018-ից հետո։ Սա էլ մեր տեսանկարահանող սարքերի միջոցով պատահարների վերասկողության «արդյունավետությունն» է։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ ժամանակն է, որպեսզի վարորդներին պատժելու փոխարեն մի քիչ էլ մտածել դասընթացների, երթևեկության կանոնները բարելավելու, ճանապարհները բարեկարգելու, ճանապարհահանգույցներ, թունելներ կառուցելու մասին։ Շատ կարևոր է Երևանի կենտրոնից կարմիր գծերը հանելը և փողոցների եզրերը իբրև կայանատեղի օգտագործումն արգելելը։ Կարմիր գծերը հակասության մեջ են մտնում արագաչափային կարգավորման հետ և ՃՏՊ-ների պատճառ դառնում։ Կենտրոնի մերձակայքում պետք է կառուցել բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկանգառներ։ Կենտրոնի ներսում մարդիկ կարող են երթևեկել հասարակական տրանսպորտով, ինչպես նաև սեփական մեքենաներով՝ առանց կայանման իրավունքի։

Այս տխուր պատկերին ավելացնենք ԱՎԾ կողմից թվերի կեղծումները, մանիպուլյացիաները։ Արդյոք հնարավո՞ր է ՀՆԱ 5.8% ավելացում, էլեկտրաէներգիայի -0.6% անկման պարագայում։ Ի՞նչ է, մեկ տարում միավոր ՀՆԱ էլեկտրաէներգատարությունը իջել է -6.4%-ո՞վ: Սա անհնարին բան է և չի կարող բացատրվել տնտեսության ինչ-որ կառուցվածքային փոփոխություններով։ Իրականում էլեկտրաէներգիայի արտադրության թիվը հստակ ֆիքսվում է, իսկ ահա ՀՆԱ և մյուս մակրոտնտեսական թվերի հիմքում ԱՎԾ գեղանկարչական վրձինն է։

Այսպիսով, հանրապետությունը գտնվում է խորը տնտեսական, իրավական, սոցիալական ճգնաժամի մեջ։ Սրան ավելացնենք ռազմաքաղաքական ճգնաժամը։ Ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ինչ-որ կառավարական ծրագիր այդ քաոսից դուրս գալու մասով»,- ասված է Բագրատյանի գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս